Պարոնյան թատրոնի «Թակարդ Ստալինի համար» ներկայացումը մասնակցել է ռումինական փառատոնին
Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը «Թակարդ Ստալինի համար» (պիեսի հեղինակ Լաշա Բուղաձե) ներկայացմամբ մասնակցել է Ռումինիայի Պիտեշտ քաղաքում նոյեմբերի 1-10 անցկացվող «Ստուդիան և նոր ձևերը» խորագրով միջազգային թատերական փառատոնին: Այն անցկացվում է Պիտեշտի Ալեքսանդրու Դավիլայի անվան ազգային թատրոնում:
Թատրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բեմադրությանը հետևել է նաև Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը՝ ընտանիքի հետ: Վերջինս ներկայացումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռումինիայի Պիտեշտ քաղաքի թատրոնում հաճույք ունեցա դիտելու Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տաղանդավոր դերասանների մասնակցությամբ և գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ՝ վրաց հեղինակ Լաշա Բուղաձեի «Թակարդ Ստալինի համար» պիեսի հիման վրա ստեղծված ներկայացումը»:
Հ. Պարոնյանի անվ. թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը նշել է, որ ռումինական թատրոնի հետ համագործակցության սկիզբը երկու տարի առաջ է դրվել. «2 տարի առաջ ինձ հրավիրեցին Կրայովա քաղաքի ազգային թատրոն, որպեսզի բեմադրեմ Արիստոֆանեսի «Ամպեր» կատակերգությունը: Պիտեշտ քաղաքի ազգային թատրոնի ներկայիս տնօրենը՝ Նիկոլա Պողիրչը, որպես դերասան աշխատում է նաև Կրայովայի թատրոնում: Առհասարակ, Եվրոպայում, հատկապես արևելյան Եվրոպայում թատրոնները շատ ինտեգրված են, մի թատրոնի դերասանը կարող է երեք թատրոնում դերեր խաղալ: Մեր ընդհանուր ընկերոջ՝ Ալեքսանդր Գրեկույի միջոցով, Նիկոլայ Պողիրչը խնդրել էր ինձ հետ կապ հաստատել համագործակցության նախագծեր քննարկելու համար: Նրանք այդ կապակցությամբ սեպտեմբերին երեք օրով եկան Երևան և քննարկումների արդյունքում առաջարկեցին իրենց փառատոնի շրջանակներում ներկայացնել «Թակարդ Ստալինի համար» ներկայացումը»:
Հ.Ղազանչյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա, արդեն քննարկվում է այնտեղ բեմադրություն անելու առաջարկը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան