Վրաստանում «Ամիրանի» կինոթատրոնի մոտ բախման ժամանակ մեկ մարդ է վիրավորվել
«Ամիրանի» կինոթատրոնում երեկ տեղի ունեցած բախումների ժամանակ տուժել է քաղաքացիական ակտիվիստ Աննա Սուբելիանին, նրան դեպքի վայրից տեղափոխել է շտապօգնության մեքենան։ Ոստիկանությունը ևս երկու մարդ է ձերբակալել:
«Գրուզիա օնլայն»-ը գրում է, որ կինոթատրոնի մուտքի մոտ իրավիճակը կրկին լարվել է: «Վրացական երթ»-ի անդամներն ու նրանց կողմնակիցները փորձել են բռնի միջոցներով ներս մտնել, սակայն ոստիկանությունը նրանց նման հնարավորություն չի տվել։ Ակցիայի մասնակիցները շշեր և տարբեր իրեր են նետել դեպի կինոթատրոն:
«Եվ հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրումից մեկ ժամ առաջ ծայրահեղականները մի քանի փորձ են ձեռնարկել ներխուժելու «Ամիրանի» կինոթատրոն։ Ազգայնականները պիրոտեխնիկա են նետել ոստիկանների ուղղությամբ և փորձել են ճեղքել ոտիկանական պատը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ քաշքշուկի ընթացքում մի քանի մարդ է տուժել։ Նաև հայտնի է, որ մի քանի ցուցարար ձերբակալվել է:
Աղբյուրը գրում է, որ «Եվ հետո մենք պարեցինք» (And Then We Danced) ֆիլմը Takes Film վրացական և French Quarter Film շվեդական ընկերությունների համատեղ արտադրանքն է։ Լեվան Ակինի սկանդալային ռեժիսորական աշխատանքը դարձել է վերջին տարիների ամենահաջողված վրացական կինոնախագիծը: