Գալագեր․ Հայաստանում կաթոլիկ եկեղեցու ներկայությունը միտված է նպաստելու Հայաստանի հասարակության բարեկեցությանը
«Ուրախ եմ փոխանցել Նորին Սրբություն պապ Ֆրանցիսկոսի ողջույնները Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև նրա հավաստիքն ու աղոթքը՝ հայ ժողովրդի հետագա զարգացմանը, խաղաղությանն ու ներդաշնակությանը»,-այս մասին ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ ասաց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը, որը նոյեմբերի 9-10-ին պաշտոնական այցով Հայաստանում է։
Արք. Պոլ Ռիչարդ Գալագերը նշեց, որ այս այցը նպատակ ունի արտահայտել բարեկամությունը, որը բնորոշում է երկկողմ հարաբերությունները Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև։
Արքեպիսկոպոսը նշեց, որ երկկողմ հարաբերությունները հաստատվել են 1992թ․-ին, սակայն դրանք ավելի երկար պատմություն ունեն, հատկապես այն պատճառով, որ Հայաստանն առաջին քրիստոնեա երկիրն է աշխարհում։
Արք. Պոլ Ռիչարդ Գալագերը հիշեցրեց հայ-վատիկանյան հարբերությունների կարևոր իրադարձությունները՝ Սուրբ Հովհաննես Պողոսի կողմից Աշոցքի շրջանին որպես նվիրատվություն տրված Տիրամայր Նարեկ հիվանդանոցը, որը մինչ օրս գործում է, 2001թ․-ին Հովհաննես Պողոս պապի այցը Հայաստան՝ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ, 2015թ․-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ պատարագի մատուցումը Վատիկանի Սուրբ Պողոս տաճարում, 2016թ․-ին Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան, ինչպես նաև Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից այցերը Սուրբ Աթոռ։
«Միաժամանակ, ուզում եմ ընդգծել, որ մեր հարաբերությունները շատ ավելի լայն են ու ընդգրկուն, որը ներառում է բարեգործություն, սոցիալական աջակցություն, մշակութային ծրագրեր, երկկողմ խորհրդակցություններ, որոնք վերաբերում են տարածաշրջանային հարցերին ու միջազգային հարաբերություններին, քրիստոնեական արժեքների առաջմղմանը»,-ասաց արք. Պոլ Ռիչարդ Գալագերը։
Արքեպիսկոպոսը նշեց, որ Հայաստանում կաթոլիկ եկեղեցու, կաթոլիկ համայնքի ներկայությունը նույնպես միտված է նպաստելու Հայաստանի հասարակության բարեկեցությանը։
«Աստծո օրհնությունն եմ խնդրում հայ ժողովրդի համար, որը մեծ տառապանքներ է կրել ու աղոթում եմ քրիստոնեաների բարեկեցության համար»,-ասաց արք. Պոլ Ռիչարդ Գալագերը։
Նշենք, որ այցի շրջանակներում Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հանդիպում կլինի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Արք. Պոլ Ռիչարդ Գալագերն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳ նախարարն ու արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը քննարկել են Մերձավոր Արևելքում քրիստոնեաների պաշտպանության հարցը
- Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարն այցելել է Ծիծեռնակաբերդ
- Հայաստանը Վատիկանում ներկայացված է իր հարուստ պատմական ու հոգևոր ժառանգությամբ. Ռիչարդ Գալլագեր
- Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան