ՀՀ ԱԳ նախարարն ու արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը քննարկել են Մերձավոր Արևելքում քրիստոնեաների պաշտպանության հարցը
Նոյեմբերի 9-10-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը:
Այսօր արք. Պոլ Ռիչարդ Գալագերը հանդիպեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որից հետո կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։
ԱԳ նախարարն ընդգծեց, որ այս այցը ևս մեկ քայլ է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև զարգացում ապրող երկկողմ հարաբերությունների ուղղությամբ։
«Արքեպիսկոպոս Գալագերն իր մեծ ավանդն ունի ինչպես հայ-վատիկանյան միջպետական հարաբերությունների խորացման գործում, այնպես էլ առհասարակ միջազգային հարաբերություններում։ Մեր պատմական առնչություններն ու հարաբերությունները թեև դարերի պատմություն ունեն, սակայն դրանք նոր լիցք ստացան Հայաստանի անկախությունից ի վեր»,-ասաց ԱԳ նախարարը։
Զոհրաբ Մնացականյանը նշեց 90-ականների սկզբին Հռոմի պապ, այժմ Սուրբ Հովհաննես Պողոսի կողմից Աշոցքի շրջանին որպես նվիրատվություն տրված Տիրամայր Նարեկ հիվանդանոցը, որը գործում է մինչ օրս և սպասարկում է անվճար։ Հայաստանն ու Սուրբ Աթոռն ունեն նաև մշակութային համագործակցության հարուստ փորձ։
«Հայ ժողովուրդը ջերմությամբ է հիշում է Հովհաննես Պողոս 2-րդի այցը Հայաստան 2001թ․-ին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ։ Երկկողմ հարաբերություններում նշանակալի իրադարձություններից էին նաև 2015թ․-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից՝ հայ միջնադարյան հոգևորական Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ տիտղոսի շնորհումը, ապա Նարեկացու արձանի հանդիսավոր բացումը Վատիկանում 2018թ․-ին։ Պետք է նշեմ, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը նաև Նորին Սրբության անձնական շահագրգռվածության արդյունք է, որի համար մենք երախտապարտ ենք»,-ասաց ԱԳ նախարարը, ընդգծելով, որ Հայաստանը ևս շահագրգռված է խորացնել հարաբերությունները Սուրբ Աթոռի հետ՝ հիմնված ընդհանուր արժեհամակարգի ու միջազգային հարաբերությունների խնդիրների վերաբերյալ համընկնող մոտեցումների վրա։
ԱԳ նախարարն ու արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերն հանդիպմանն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրներին, Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների պաշտպանությանը, քրիստոնեական պատմամշակութային ժառանգության պահմանման հարցերին։ ԱԳ նախարարը գործընկերոջը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներն ու հարցի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումները։
«Որպես միջազգային հարթակում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկ՝ անդրադարձ կատարեցինք այդ օրակարգի շրջանակներում ձեռնարկվող քայլերին և առկա մարտահրավերներին։ Պաշտոնական Երևանն ու հայ ժողովուրդը երախտապարտ է Հռոմի Սրբազան քահանապետին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային ու միանշանակ ուղերձի համար։ Այդ հանցագործության աներկբա դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության ու պատմական արդարության տեսակետից, այլ նաև մեծ ներդրում է ապագա նմանօրինակ ոճիրների կանխարգելման ու ազգերի և պետությունների միջև հարատև համերաշխությանը հասնելու համար»,-ասաց ԱԳ նախարարը։
ԱԳ նախարարը ներկայացրել է նաև ՀՀ ներքին օրակարգն ու կառավարության աշխատանքը՝ ուղղված երկրի բարեփոխումներին։