Մեկնարկում է «Կին» փառատոնը
Այսօր Երևանում մեկնարկում է «Կին» 16-րդ միջազգային կինոփառատոնը։ Բացման արարողությունը կայանալու է ՀԲԸՄ դահլիճում: Փառատոնի մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնել են, որ այս տարի կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի 13 երկրից ընտրված 65 ֆիլմ, որոնք ընդգրկվել են փառատոնի ծրագրերում՝ կարճամետրաժ ֆիլմերի մրցութային, հյուրերի, Բրիտանական խորհրդի «Իրականությունից կնոժապավեն» փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի, Կանադական «Կանացի հայացք» փառատոնի կարճամետրաժ ֆիմերի:
Փառատոնի ընթացքում կլինի վարպետության դաս, «Կինը և կինեմատոգրաֆիան» թեմայով կլոր սեղան քննարկում: Փառատոնի ռետրոսպեկտիվ ցուցադրությունը նվիրված կլինի Ֆրանսիական Նոր Ալիքի տատիկ՝ Անյես Վարդայի հիշատակին, կցուցադրվի իր հայտնի «Կլեո 5-ից 7-ը» ֆիլմը։ Փառատոնի ընթացքում կցուցադրվի նաև միջազգային կինոքննադատների կողմից բարձր գնահատանքի արժանացած Մարգարեթ ֆոն Տրոտտայի «Փնտրելով Ինգմար Բերգմանին» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ «Կին» 16-րդ միջազգային կինոփառատոնը ավանդույթի համաձայն անցկացվելու է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության դահլիճում։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։
Այս տարի փառատոնի միջազգային հյուրերն են՝ կանադական «Կանացի հայացք» կինոփառատոնի տնօրեն Լեսլի Անն Կոլս և սցենարիստ Անաստասիա Գորյունովան Ռուսաստանից։ Վերջինս կվարի սցենարագրության վարպետության դաս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Փառատոնի ավարտին կշնորհվեն հետևյալ մրցանակները` լավագույն ֆիլմ, հատուկ մրցանակ, դիպլոմներ, մրցանակ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից, մրցանակ Մոսկվայի տան կողմից, մրցանակ Անկախ կինոգործիչների ակումբի կողմից։
Փառատոնի ժյուրիի անդամներն են` Լեսլի Անն Կոլս (ռեժիսոր, «Կանացի հայացք» փառատոնի տնօրեն, Կանադա), Կարինե Վերդյան (սցենարիստ, Հայաստան/Գերմանիա) Ելենա Շուվաևա (գրող, Ռուսաստան/Հայաստան), Ռաֆֆի Նիզիբլյան (պրոդյուսեր, Հայաստան), Անաստասիա Գորյունովա (սցենարիստ, Ռուսաստան):
Փառատոնն արդեն 16-րդ տարին շարունակ ցուցադրում է աշխարհի ամենատարբեր անկյուններում կին ռեժիսորների հեղինակած ֆիլմեր՝ հանդիսանալով հարթակ հայ և արտասահմանցի կին կինոռեժիսորների միջև փորձի փոխանակման համար։ Ամենամյա այս փառատոնի շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենում կնոջ աչքերով հետևել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին և բացահայտել իրենց ստեղծագործական տաղանդը։ Փառատոնը կարևոր հարթակ է կին ռեժիսորների համար, ովքեր անում են իրենց առաջին քայլերը ոլորտում և փառատոնի ընթացքում ծանոթանում են արդեն միջազգային հաջողության հասած կինոռեժիսորների և իրենց աշխատանքների հետ։
Փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 15֊ը: