Պատգամավորն առաջարկում է ԱԺ նախագահին իրավունք տալ մասնակցելու ԱԽ նիստերին
Խորհրդարանն առաջին ընթարցմամբ քննարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը նշեց, որ նախագծով ԱԺ նախագահին իրավունք է տրվում մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին և առաջարկություններ ներկայացնելու քննարկվող փաստաթղթերի վերաբերյալ:
«Նա պետք է 5 օր առաջ ստանա օրակարգը և այնտեղ քննարկվող փաստաթղթերը»,- հավելեց նա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց՝ երբ ԱԺ նախագահը մեկնում է գործուղման կամ արձակուրդ, այս նախագծով նրա տեղակալը հնարավորություն ունենալու՞ է մասնակցելու ԱԽ նիստին։
«Եթե այդ ժամանակ նրա լիազորությունները պաշտոնապես դրվում են նրա տեղակալի վրա, կարծում եմ՝ իրավունք ունի մասնակցելու»,- պատասխանեց Կարապետյանը։
Պատգամավոր Արման Բաբաջանյանը հարցրեց. «Իրավունքի ուժով մենք չե՞նք կարող նույն նորմը նախատեսել հանրապետության նախագահի և խմբակցությունների ղեկավարների համար»:
Ի պատասխան հիմնական զեկուցողն ասաց. «Եթե ինձ մնար, ես կասեի, որ ԱԽ նիստերին անհրաժեշտ է, որ մասնակցեն պետաիրավական, պաշտպանության հարցերի և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների նախագահները, ինչպես նաև խմբակցությունների ղեկավարները, սակայն Սահմանադրության լիազորությամբ, որի հիման վրա կարողացել են կառուցել այս օրենքի նախագիծը, նման հնարավորություն տրված է ԱԺ նախագահին»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան