«Հիմա ես էստեղից ո՞նց ցույց տամ, ոնց են ստուգելու սեռափոխված լինելը». Գևորգ Պետրոսյան
«Ես այս Ազգային ժողովի ամենաանգրագետ պատգամավորն եմ, որի ոչ մի նախաձեռնությունը կյանքի չի կոչվել»,- խորհրդարանում «Ընտանեկան օրենսդրության մասին» նախագծում փոփոխություն կատարելու հարցի՝ նիստերի օրակարգ ընդգրկելու քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նախագծով համահեղինակն առաջարկում է արգելել միասեռական և սեռափոխված անձանց երեխա որդեգրելը:
«Ընդդիմադիր պատգամավորն ունենում է դժգոհություն, անհամաձայնություն, իսկ դրանց մասին դուք երբևէ ժպտալով, ծափ տալով խոսել ե՞ք։ Կառավարությունը նախագծին տալիս է հետևյալ եզրակացությունը՝ ձեռնպահ մնալ քննարկելուց, սա ի՞նչ վերաբերմունք է։ Սա՞ է խորհրդարանական պետությունը։ Էն օրն էլ հանձնաժողովի նիստում մի պատգամավոր ասում է՝ գոհ եղեք, որ ձեր էն մի նախագիծն անցավ, իսկ էդ նախագիծն անցել էր նախորդ ԱԺ-ում, պարզապես ոմանց փնթի աշխատանքի պատճառով տեղեկագրում տեղ չէր գտել, ստիպված բերեցինք էլի, որ ընդունվի»,- ասաց Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է նախագծին, նա նշեց. «Նորմատիվ ակտերի մասին ՀՀ օրենքի համաձայն, եթե իրավական նորմում տերմինն օգտագործված է եզակի, ապա կարող է հասկացվել նաև հոգնակի, այս տրամաբանությամբ երկու սեռափոխված անձ, որ որոշեն իրենց սերը սրբագործել զագսի մարմնում, զագսը մերժելու է, գնալու են Վարչական դատարանում վիճարկեն։ Ամբողջ խնդիրը սա է, եթե մենք ուզում ենք արգելել նույնասեռականների ամուսնությունը, պետք է ընտանեկան օրենսգրքում ուղղակի գրենք։ Ինձ ասում են՝ ո՞նց են ստուգելու, որ սեռափոխված է, հիմա ես էստեղից ոնց ցույց կարամ տամ, ոնց են ստուգելու, մեխանիզմներ կան, կներեք, հարգելի պարոն Միրզոյան»,- դիմելով ԱԺ նախագահին՝ ասաց Պետրոսյանը՝ նշեով, որ եթե նպատակ ունեն կարող են գտնել դրան հասնելու միջոցները։
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Ես պատիվ չեմ ունեցել հանձնաժողովի քննարկմանը ներկան լինել, քանի որ գործուղման էի, միայն լիազորված եմ հանձնաժողովի անունից փոխանցել, որ բացասական եզրակացություն է տրվել նախագծին: Իմ անձնական կարծիքն այն է, որ օրենսդրությամբ արդեն իսկ ամրագրված է նման արգելք, սակայն եթե Գևորգ Պետրոսյանը կարող է հիմնավորել, որ արգելքը չի գործում, ուստի ես դեմ չեմ, որ վերջինս այն հիմնավորի»,- ասաց պատգամավորը։
Հարցը օրակարգ չմտավ՝ 64 դեմ ձայնով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան