2019 թ-ի երրորդ եռամսյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն. ԿԲ
2019 թ-ի երրորդ եռամսյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված հիմնականում արտադրողականության աճով։ Այս մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ արձանագրությունում։
Նշենք, որ հոկտեմբերի 29-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել էր անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.5%։
Խորհուրդն անդրադարձել է նաև ձևավորված տնտեսական միջավայրին և փաստել, որ, ինչպես և սպասվում էր, 2019 թ-ի երրորդ եռամսյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված հիմնականում արտադրողականության աճով: Այսպես, հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 7.1% մակարդակ, որին մեծ նպաստում են ունեցել ծառայությունների և արդյունաբերության ճյուղի բարձր աճերը:
Ըստ ԿԲ-ի, շարունակում է բարձր մնալ նաև ներքին պահանջարկը՝ պայմանավորված մասնավոր սպառման աճով, ինչին նպաստել են վերջին տարիներին իրականացված խթանող դրամավարկային քաղաքականությունը և մասամբ՝ նաև ընթացիկ տարում մակրոպրուդենցիալ այլ գործիքներով մեծ ծավալի դրամային իրացվելիության ներարկումը:
Մասնավորապես, տարվա անցած ժամանակահատվածում ԿԲ-ն փոփոխություն է մտցրել պարտադիր պահուստավորման մեխանիզմում՝ փուլային անցում կատարելով ներգրավված արտարժութային միջոցների դիմաց դրամի փոխարեն արտարժույթով պահուստավորմանը (այս տարի 3 անգամ 2-ական տոկոս փոխելով), որի արդյունքում բանկային համակարգում ազատվել է շուրջ 120.0 մլրդ դրամի իրացվելիություն: Մյուս կողմից, արտարժույթի մեծածավալ առաջարկի պարագայում, շուկայից գնվել է շուրջ 240.0 մլրդ դրամին համարժեք արտարժույթ:
Արձանագրվել է նաև, որ պահպանվում է բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման բարձր աճը, որը հատկապես դրսևորվել է սպառողական և հիփոթեքային վարկերի մասով: Նշված ժամանակահատվածում ներքին պահանջարկի վրա ազդեցության տեսանկյունից իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է մնալ զսպող՝ չնայած երրորդ եռամսյակում պետբյուջեի թույլ տված որոշակի պակասուրդին:
Խորհրդի նիստում ներկայացվել են արտաքին հատվածի զարգացումները և նշվեց, որ այդ հատվածում առկա անորոշություններն ու դրանցից ածանցվող՝ համաշխարհային տնտեսության աճի դանդաղման միտումները պահպանվում են, ինչն արտահայտվում է նաև ապրանքահումքային միջազգային շուկաներում շարունակաբար թուլացող գնաճային միջավայրով: Այս իրավիճակում ՀՀ հիմնական գործընկեր երկրների ԿԲ-ներն առաջիկայում ևս, գնաճի թիրախին հասնելու նպատակով, կշարունակեն վարել խթանող դրամավարկային քաղաքականություն։
Խորհրդի նիստում քննարկվել են ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրվել, որ սեպտեմբեր-հոկտեմբերին ֆինանսական շուկայի կարճաժամկետ տոկոսադրույքները, սեպտեմբերին քաղաքականության տոկոսադրույքի իջեցմանը համահունչ, նվազել են՝ պահպանվելով քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում: Միաժամանակ, տոկոսադրույքի իջեցմանը համապատասխանաբար արձագանքել է ՊՊ շուկան, որտեղ դիտվել է տոկոսադրույքի նվազում եկամտաբերության կորի ողջ երկայնքով: