Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմը դատական այսօրվա նիստում միջնորդություն է ներկայացրել՝ ինքնաբացարկ հայտնելով նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Խորհրդակցական սենյակից վերադառնելով՝ Մ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատարանը մերժել է Մ. Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունն անհիմն լինելու հիմքով:
Նշենք, որ այսօր երկար դադարից հետո նիստին ներկայացել էր նաև Մանվել Գրիգորյանը: Սակայն որոշ ժամանակ անց նրան դատարան ուղեկցած շտապօգնության բժիշկները դատարանին հայտնել էին, որ ժամը 15:00-ից Մ. Գրիգորյանն ունեցել է շնչառական անբավարարության նոպա, ուժեղ ցավեր ողջ մարմնում, արյան շաքարի բարձրացում, չի կարող մասնակացել դատական նիստին:
Դատական նիստը հետաձգվեց:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։ Մ. Գրիգորյանն արդեն ամիսներ շարունակ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանը ներկայացավ դատական նիստին
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Սա պետք է դատարանի համար լուրջ ազդակ լինի
- Բժշկական եզրակացություն. Մանվել Գրիգորյանը ներկայիս առողջական վիճակով կարող է մասնակցել դատական նիստերին
- Փաստաբան. Այնպես են անում, որ Մանվել Գրիգորյանը լավագույն հիվանդանոցում դանդաղ մահանա
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումն ակնհայտ է
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը միջնորդեց նիստերն անցկացնել հիվանդանոցում
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել