Հաթերքը բոլորովին այլ տեղում է, քան վարչապետի մասնավոր այցն էր. «Հրապարակ»
Երեկ «Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ «վարչապետն Արցախ է մեկնել ոչ թե ուղղաթիռով, այլ` ավտոմեքենայով»:
Հարցին՝ իսկ վարչապետի ընտանիքն ինչպե՞ս է մեկնել ու հետ վերադարձել, խոսնակը պատասխանել է. «Այցը մասնավոր էր, և պետք է հարգել մարդու մասնավոր կյանքը»:
Հաթերքի հետ կապված դիպվածը նույնպես ակտիվ քննարկվում էր սոցցանցերում։ Ըստ այդմ` գրում էին, որ վարչապետը «սխալ ուղղությամբ էր գնում», Հաթերքը բոլորովին այլ տեղում է, քան պարոն վարչապետի մասնավոր այցն էր։ Կարապետյանը պատասխանել է. «Վարչապետը որևէ բան սխալ չի ասել, ինչպես գրել է, այդպես էլ եղել է. հաստատում եմ դա»:
Հաթերքո՞ւմ է եղել։ «Որտեղ որ գրված է, այնտեղ էլ եղել է»:
Թերթը հիշեցրել է, որ Փաշինյանը մեկնել էր Արցախ` մասնակցելու ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին։