Գրավառուի և գրավատուի իրավունքներն ու պարտավորությունները՝ ԱԺ ամբիոնում
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է կառավարության կողմից ներկայացված ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը։
«Ներկայացվող օրենքի նախագիծը վերաբերում է Քաղաքացիական օրենսգրքի 249 և 339 հոդվածներին, և պայմանավորված է Սահմանադրական դատարանի 2 որոշումներով։ Առաջին փոփոխությամբ առաջարկում ենք գրավի առարկայի արտադատական իրացման կարգում կատարել փոփոխություն, որը կպայմանավորի հետևյալը՝ ՔՕ 249 հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանվում է, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում, ապա այդ դեպքում կկասեցվի գրավի առարկայի իրացումը դատարանի կողմից։ ՍԴ-ն այս արտահայտությունը ճանաչել է Սահմանադրությանը հակասող. գրավատուին կարող է հարկադրվել գրավառուի հնարավոր վնասների չափից ավելի ապահովում իրականացնել։ Խնդիրը հետևյալն է, որ պարտավորությունը այդ պահին հնարավոր է ավելի փոքր լինել, քան գրավի առարկայի արժեքի չափն է, և չպետք է ծանրաբեռնել պարտապանին գրավի առարկայի ամբողջ չափով իրականացնել այդ ապահովումը»,- իր ելույթում նշեց հիմնական զեկուցող ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։
Գրիգորյանի խոսքով՝ եթե գրավի առարկայի բռնագանձման ընթացքը կասեցնելու որոշումից հետո դատարանը որոշել է գրավառուի հնարավոր վնասների փոխհատուցման համար պահանջվող ապահովումը տրամադրել, ապա գրավատուի կողմից գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար տրամադրվող ապահովումը պետք է համարժեք լինի գրավառուի հնարավոր վնասների արժեքին, բայց չպետք է գերազանցի գրավի առարկայի արժեքը .«Ասվածը ենթադրում է, որ դատարանը պետք է գնահատի հնարավոր վնասների արժեքը, սահմանի համարժեք ապահովում տրամադրելու չափը, որը չպետք է գերազանցի գրավի առարկայի արժեքը»։
Երկրորդ՝ Քաղաքացիական օրենսգրքի 339 հոդվածի փոփոխությունը վերաբերում է հայցային վաղեմության ժամկետի կասեցմանը։
«Նախկին ձևակերպմամբ հայցային վաղեմության ժամկետը կասեցվում է, եթե ներկայացվել է վճարման կարգադրություն՝ այն դատարան հանձնելու պահից մինչև առարկություն ներկայացնելու պահը։ Այստեղ խնդիրն այն է, որ հայցային վաղեմության կասեցման ժամկետը ֆիքսված է միայն առարկություններ ներկայացնելու պահով։ Սակայն վճարման կարգադրության դեպքում վարույթը ավարտվում է մի շարք այլ հիմքերով, բացի առարկություններ ներկայացնելը։ Ուստի առաջարկել ենք լրացնել բոլոր հիմքերը, որպեսզի հետագայում տարընկալումներից խուսափենք։
Նախագծով առաջարկվում է սահմանել՝ հայցային վաղեմության ժամկետը ներառում է անձի կողմից դատարան՝ վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահից մինչև կարգադրության վերաբերյալ առարկություն ստացվելը, կամ դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության հիմքով վճարման կարգադրությունը վերացնելու մասին որոշում կայացնելու պահը»,-հավելեց Գրիգորյանը։