Նազիկ Ամիրյան. Եկեք այդ հարցին չպատասխանեմ
«Այդ գործարանի վրա ես շատ մեծ ջանքեր եմ թափել, որպեսզի գործարանն ավերակներից կանգնեցնեմ: Եվ հանել, մի հատ ինչ-որ շինծու նյութ գցել հանրության առաջ, անբարոյականություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը՝ «Հայապակի» ընկերության գույքը առերևույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու դեպքով հարուցված քրգործի մասին հարցին:
Նա նշեց, որ սնանկությունից հետո գործարանը տնտեսական դատարանի կողմից վաճառվել է 2004 թվականին, նոր գնորդն բավականին մեծ ներդրումներ է կատարել, ծաղկացրել է, գործարանը մինչև այսօր աշխատում է։
Ն. Ամիրյանն ասաց, որ հարցաքննվել է որպես վկա, մեղադրանքը չի ընդունում: Հարցին, թե ի՞նչ է կարծում՝ ինչու է քրեական գործ հարուցվել, Ն. Ամիրյանն ասաց. «Որպեսզի կոպիտ պատասխան չտամ, եկեք այդ հարցին չպատասխանեմ: Թե չէ կոպիտ կպատասխանեմ»:
Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Նազիկ Ամիրյանի ծիրանի այգին այրվել է
- Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք և ռազմամթերք պահելու համար