ՀԽ-ում կոչ են անում Ստյոպա Սաֆարյանին լինել ավելի զուսպ
Հանրային խորհրդում տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նիստը, օրակարգում LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումի քննարկումն է:
Հիշեցնենք, որ դիմումը վերաբերում է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից այս տարվա հոկտեմբերի 29-ին իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելու, վերջիններիս մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, լրատվամիջոցներն անվանարկելու և երկու կին լրագրողների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու հարցին:
Քննարկմանը ներկա չէր Ս. Սաֆարյանը, որն այդ մասին նախապես հայտարարել էր:
ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ միջադեպն ունի բարոյական, իրավական և քաղաքական կողմեր։ Նա նշեց, որ անդրադարձ չի կատարվի քաղաքական կողմին, քանի որ ՀԽ-ն ապաքաղաքական մարմին է։ Նա ընդգծեց, որ Ս. Սաֆարյանի արտահայտած որոշ մտքերում եղել են էթիկական նորմերի խախտումներ, այս առումով պետք է կոչ անել իրենց գործընկերոջը լինել ավելի զուսպ:
«Դիմել մեր գործընկերոջը՝ զերծ մնալ, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, զգույշ լինել, ավելի կոռեկտ ու խմբագրված տեսքով սեփական դիրքորոշումը ներկայացնել»,- նշեց Հ. Հովհաննիսյանը:
ՀԽ անդամ, փաստաբան Մարատ Ատոմյանն ասաց, որ խոսքի ազատությունը չի կարող իր մեջ պարունակի ատելություն, զրպարտանք, վիրավորանք, առավել ևս բռնության կոչ։ Փաստաբանը նշեց, որ, բնականաբար, ոչ ոք պարտավոր չէ հարցազրույց տալ, սակայն նման դեպքերում կարելի է, եթե ունեն նախընտրելի լրատվամիջոցներ, ում հետ ցանկանում են աշխատել, անել փակ միջոցառում ու հրավիրել միայն այդ լրատվամիջոցներին:
«Բայց չպետք նշել, որ կոնկրետ այս լրատվամիջոցների մասնակցությունն արգելված է, դա այլ դրսևորում է ստանում»,- ընդգծեց նա:
Քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի անդամ Լիլիթ Ասոյանն ասաց, որ գործ ունեն մի իրավիճակի հետ, որտեղ հարցը գործնական տիրույթից տեղափոխվել է էմոցիոնալ դաշտ:
«Կոչ եմ անում Հայաստանի քաղաքական, հասարակական գործիչներին չանցել բարոյաէթիկական սահմանները, անկախ իրավիճակից պահպանել հավասարակշռությունը, լինել կոռեկտ արտահայտությունների մեջ», -նշեց նա:
ՀԽ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողով
նախագահ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այն ինչ տեղի է ունեցել, աննախադեպ է, լրագրողական աշխատանքի սահմանափակում է այն դեպքում, երբ միջոցառումը հրապարակային էր: Նա նշեց, որ հանձնաժողովը քննարկումների արդյունքում կկազմի ու կհրապարակի կարծիքը լրագրողի դիմումի վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյան. Դուրս եմ գալիս Հանրային խորհրդից
- Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը դիմել է վարչապետին
- Պիպոյան. Հենց վաղը վարչապետին նամակ եմ գրելու՝ խնդրելով դուրս գամ Հանրային խորհրդի կազմից
- Լրագրողական կազմակերպություններ. Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը վտանգավոր է ու անթույլատրելի
- Ստյոպա Սաֆարյանին հիշեցնում են՝ ՄԱՀՀԻ-ն ԱՄՆ-ից գումար է ստանում Հայաստանում ժողովրդավարության կայացման համար
- Իսկ Հանրային խորհուրդը չեզոք չէ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները