Տնտեսական հեղափոխությունը չի կարող իրողություն դառնալ. Միքայել Մելքումյան
2020 թվականի բյուջեն ամենևին չենք համարում հեղափոխական բյուջե, ավելին՝ այն տնտեսական հեղափոխությունը սպասարկող բյուջե չէ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Այսինքն՝ այս բյուջեի ցուցանիշներով չենք կարող հասնել այն նպատակներին, որոնք քաղաքական հեղափոխության ընթացքում ժողովրդի և մեր բոլորի մոտ առաջացրել էին դրական սպասումներ: Ավելին, փետրվարին ներկայացվեց Կառավարության հնգամյա ծրագիրը, որին մենք դեմ էինք քվեարկել։ 2020 թ-ի բյուջեն հստակ ապացուցում է, որ մենք ճիշտ էինք, և այս մոտեցումներով և ցուցանիշներով չենք կարող իրականացնել գրագետ քաղաքականություն և ապահովել այն սպասելիքները, որի մասին ես ասացի։ Այսինքն՝ տնտեսական հեղափոխությունը չի կարող իրողություն դառնալ»,- նշեց Միքայել Մելքումյանը:
Անդրադառնալով ՀՆԱ-ի աճին՝ պատգամավորն ասաց, որ 4.9 տոկոս նախանշված աճը նահանջ է, քանի որ նախորդ տարիներին բյուջով նախանշվում էր 5-7 տոկոսանոց աճ:
Միքայել Մելքումյանի խոսքով՝ այն նաև չի ապահովում բնակչության կենսամակարդակի, մեր պաշտպանության համակարգի լիակատար երաշխիքները:
Նա նաև նշեց, որ թոշակների ու աշխատավարձերի բարձրացումը, որի մասին խոսում է կառավարությունը, խիստ անբավարար է: «Մասնավորապես, արդյունաբերությունն աճելու է 5 տոկոս, գյուղատնտեսությունը՝ 0,5 տոկոս, սա ապշեցուցիչ է, շինարարությունը՝ 4 տոկոս, հարկային մուտքերի սպասումները 9 տոկոսից իջել է 6 տոկոս։ Այսինքն՝ մենք ինչ հավաքելու էր, հավաքեցինք, և հարկահավաքման տեմպը կանգնել է»,- ընդգծեց Մելքումյանը։
Նա նաև հայտնեց, որ ԲՀԿ-ն միանշանակ դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին։