Փաստացի կկանգնենք փաստի առաջ, որ չունենք գիտություն
«Գիտությունը ծերանում է, գիտաշխատողները՝ պակասում. Խնդիրը խորքային է և երեսուն տարի գոյություն ունի Հայաստանում. կտրուկ քայել են պետք գիտության ոլորտում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ֆիզմաթ գիտությունների երիտասարդ թեկնածու Տիգրան Քոթանջյանը ՝ անդրադառնալով կառավարության «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին։
Քոթանջյանի խոսքով, եթե Սովետական Միության տարիներին Հայաստանում 30 հազարից ավելի գիտաշխատող կար՝ 33 հազար, ապա այժմ այդ թիվը կրճատվել է՝ հասնեով 4 հազարի։
«Այդ աշխատանքը Սովետական Միության տարիներին համարվում էր պատվաբեր, բարձր աշխատավարձ էին ստանում և որոշակի դիրք ունեին այդ մարդիկ։ Իսկ այժմ մենք գիտնականների մշտական արտագաղթ ունենք։ Եվ խնդիրն այն է, որ այն երկրներում, որտեղ գիտությունը զարգացած է, հիմնական առաջ տանող ուժը գիտության մեջ 35-55 տարիքային շեմի տղամարդիկ են, որոնք գիտախատողների թվաքանակի մեջ 50% են կազմում, մեզ մոտ այդ թվաքանակը մոտ 15% է։ Պատճառն այն է, որ երիտասարդները համալսարանները ավարտելուց հետո մտնում են գիտության մեջ, այնուհետև կայանում են։ Իսկ կայանալուց հետո, չստանալով բավականաչափ ֆինանսավորում կամ մեկնում են արտասահման, կամ փոխում են ոլորտը, գնում են IT ոլորտ, և էլի բարձր աշխատավարձ ստանում»։
Գիտության ոլորտում մյուս գերխնդիրը, ըստ Տիգրան Քոթանջյանի, այն է, որ Հայաստանում 65 տարեկնից բարձր գիտնականների թվաքանակը մոտ 30% է կազմում, այսինքն՝ գիտությունը ծերանում է։
«Մինչ այսօր Հայաստանում գիտությունը զարգանում է հենց այդ մարդկանց շնորհիվ, բացը լրացնում են հենց այդ մարդիկ։ Այսինքն՝ իրենք իրենց վրա են վերցնում գիտությունն առաջ տանելու և նոր սերունդներ պատրաստելու հարցը։ Իսկ ամեն տարի մոտ 200-250 գիտաշխատող տարիքի պատճառով դուրս է գալիս գիտությունից՝ մահանում են, կամ ի վիճակի չեն լինում շարունակել աշխատանքը և թոշակի են գնում։ Եվ մենք ունենում ենք թվաքանակի կրճատում։ 5-6 տարի հետո մենք կհասնենք մի իրավիճակի, երբ միջին բարձր տարիքի գիտնականները չեն լինի, միջին սերնդի բացը կա, իսկ երիտասարդ սերունդն իր վրա դեռ հնարավորություն չի ունենա տանել գիտությունը։ Փաստացի կկանգնենք փաստի առաջ, որ չունենք գիտություն։ Եվ նոր դպրոցներ բացելն ու գիտությունը 0-ից զարգացնելը մի քանի անգամ ավելի ծախսատար է լինելու»,- նշեց Տիգրան Քոթանջյանը։
Քոթանջյանի խոսքով, 2018 և 2019 թվականների բյուջետային ծրագրերով գիտության ֆինանսավորումը չի բարձրացել։
«Օրենքով սահմանված է, որ գիտության ֆինանսավորումը պետք է ավելանա՝ նախորդ տարի ավելացած բյուջետային եկամտային մասի տոկոսային չափով, որպեսզի այդ նվազագույն չափը պահպանվի։ 2018 և 2019 թվականների բյուջետային ծրագրերով գիտության ֆինանսավորումը չի բարձրացել, իսկ 2020 թվականի բյուջեով որոշակի փոփոխություն կա, բայց ռազմական հետազոտության ոլորտին ուղղված։ Այսինքն՝ շատ քիչ գիտնականների է դա վերաբերելու։ Փաստացի մենք ունենք, որ այդ շեմից մոտ 1.5 միլիարդ պակաս է ստացվում գիտության ֆինանսավորումը 2020-ի համար։ Սակայն այդ 1.5 միլիարդը այն նվազագույն շեմն է, որ նույնպես անթույլատրելի է: Այսինքն՝ դա հարցը չի լուծում»,- նշեց Տիգրան Քոթանջյանը։