Հայաստանի խոշորագույն արևային էլեկտրակայանը միացվել է ազգային էլեկտրացանցին
Նոյեմբերի 13-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում կայացավ «ԱրՍան 1-2» (ArSun) արևային արդյունաբերական կայանի բացման պաշտոնական արարողությունը։ Այս մասին տեղեկացնում են Շտիգեն ընկերությունից:
Խորհրդանշական ժապավենի կտրման և կայանը Հայաստանի էլեկտրական ցանցերին միացնելու արարողություններն իրականացվել են «ԱրՍան 1-2» կայանների երկու համասեփականատերերի՝ Հայկ Շեկյանի և Կարեն Ղազարյանի կողմից։
Կարեն Ղազարյանն իր խոսքում նշել է․ «Մեր համագործակցությունը հիմնված է դեռ ուսանողական տարիներին ձևավորված վստահության վրա և ունենալու է շարունակական բնույթ։ Մենք պլանավորում ենք նոր արևային կայանների կառուցումը՝ նպատակ ունենալով ավելացնել Արևային էներգետիկայի կշիռը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում, նվազեցնելու երկրի էներգետիկ կախվածությունը արտաքին աշխարհից և բարելավելու շրջակա միջավայրը»։
Կայանի համասեփականատեր, նախագիծն իրագործած՝ «Շտիգեն» (Shtigen) ընկերության տնօրեն Հայկ Շեկյանն ավելացրեց․ «Բոլոր նրանք, ովքեր ունեն ազատ դրամական միջոցներ և ուզում են ապահով և եկամտաբեր ներդրում կատարել, կարող են վստահորեն դիմել մեզ։ Սա թվով հինգերորդ արդյունաբերական կայանն է, որ մենք թողարկում ենք, և ի հաշիվ մեր կուտակած փորձի, ինչպես նաև լավագույն արտադրողների հետ ունեցած կայուն գործընկերային հարաբերությունների՝ կարողանում ենք ապահովել լավագույն գին-որակ հարաբերակցություն՝ 450$ 1 կՎտ դրվածքային հզորության համար առանց ԱԱՀ։ Առանձնահատում շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ին՝ նախագծի ֆինանսավորումը շահավետ պայմաններով իրականացնելու և պրոֆեսիոնալ աշխատելաոճի համար»։
Միջոցառմանը ներկա գտնվելու համար Հայաստան էր ժամանել արևային վահանակներ արտադրող միջազգային առաջատար ընկերություններից Phono Solar-ի (Ֆոնո Սոլար) փոխնախագահ պարոն Մայքլ Լին, ով իր խոսքում նշեց, որ հպարտ է կատարված աշխատանքով։ «Հայաստանում շփվեցի տասից ավել գործարարների հետ, տեսնում եմ մեծ ձգտում և պոտենցիալ ձեր երկրում արևային էներգետիկայի զարգացման համար»։
Բացման պաշտոնական արարողությունից հետո համահիմնադիրները հրավիրեցին ներկաներին շրջայց կատարելու «ԱրՍան 1-2»-ում՝ ներկայացնելով կայանի տեխնիկական առանձնահատկությունները, կիրառված նորագույն լուծումները։ Մասնակիցներն ունեցան քննարկումներ ոլորտին առնչվող հարցերի շուրջ։ Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, Կոտայքի մարզպետարանից և պետական այլ մարմիններից, մի շարք երկրների դեսպաններ, հայաստանյան գործարարներ, որոնցից շատերն արդեն իսկ կիրառում են արևային էներգիայի լուծումներն իրենց բիզնեսների համար և ցանկություն ունեն ավելացնելու ներդրումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին