Ֆրանսիան հիշատակում է 2015թ.-ի նոյեմբերի 13-ի ահաբեկչության զոհերին
4 տարի առաջ՝ 2015թ.-ի նոյեմբերի 13-ին, Ֆրանսիայում տեղի ունեցած մի քանի ահաբեկչական հարձակումների հետևանքով սպանվեց 130 մարդ։ Այսօր Ֆրանսիան հիշատակում է ահաբեկչության զոհերին։
Զոհերի հիշատակին Փարիզում մոտ ապագայում կկառուցվի «Հիշատակի այգին», որին նախօրեին միաձայն կողմ հանդես եկան Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի անդամները։
Նոյեմբերի 13-ի հարձակումները սկսվեցին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնից դուրս գտնվող պայթյուններով՝ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև ընկերական ֆուտբոլային խաղի ժամանակ, որին ներկա էր նաև այդ ժամանակ նախագահ Ֆրանսուա Օլանդը: Բատակլան թատրոնում սպանվեց 90 մարդ։ Այս մասին գրում է euronews-ը։
Յոթ ահաբեկիչները, որոնց մեծ մասը Ֆրանսիայի և Բելգիայի քաղաքացիություն ունեին, սպանվել են:
Միակ ողջ մնացած կասկածյալ հարձակվողը Սալահ Աբդեսլամն է, որը գտնվում է ֆրանսիական բանտում ու սպասում է իր դատավարությունը, որը կարող է տեղի չունենալ մինչև 2020-ի վերջը:
Ինչպես գրում է Telegraph-ը ահաբեկչական հարձակումից հետո փոխհատուցման պահանջով դատարաններ է ներկայացվել 2625 հայցեր՝ զոհերի հարազատների, վիրավորների ու տուժածների կողմից։ Ահաբեկչության զոհերի փոխհատուցման Ֆրանսիայի ազգային հիմնադրամի կողմից արդեն իսկ վճարվել է 85մլն եվրո։ Հայցերի մեկ երրորդը փակվել է։ Սպասվում է, որ վերջնական արդյունքում փոխհատուցման ընդհանուր գումարը կհասնի 300մլն-ի։