Պատգամավորը Ջանջուղազյանին խնդրեց փաստաթղթերը նորմալ տեսքով ԱԺ ուղարկել
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Քննարկմանը ներկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության այլ անդամներ։
Նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է մարվելու ՀԱԷԿ-ի վարկի մարման երկարաձգման հետ կապված հավանական 6 մլրդ դրամի դեֆիցիտը:
«Քննարկվում է լուծում, կգտնվի: Մենք դա կտանք որպես բյուջետային վա՞րկ, թե՞ ոչ՝ դեռ ժամանակ կա հասկանալու: Եթե չեմ սխալվում, մինչև 2020 թվականը հունվարը ժամանակ կա: Դա նույնպես կառավարությունն իր լիազորությունների շրջանակում կարող է անել, որովհետև կախված է և չափից, և ժամկետներից, և այն պայմաններից, որոնցով ենթադրվում է, որ այդ խնդիրը կլուծվի», - պատասխանեց Ջանջուղազյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, դիմելով նախարարին, խնդրեց փաստաթղթերն Ազգային ժողով ուղարկելուց նորմալ տեսքով ուղարկել. «Գրվածի կեսը յունիկոդ է, կեսը՝ յունիկոդ չէ, ընդհանրապես 300 էջանոց PDF ֆայլ է ուղարկված, որի մեջ որևէ բան գտնելն անհնար է, որովհետև դա յունիկոդ չէ: Խնդրում եմ, տարրական նորմերին ուղղակի ուշադրություն դարձրեք, պահապանեք, որպեսզի աշխատել լինի այս թղթերի հետ»։
Ի պատասխան Ջանջուղազյանն ասաց, որ դեռևս դիտողություն չէին ստացել այն մասով, որ փաստաթղթերի հետ աշխատել չի լինում. «Սա առաջին անգամ է, բայց բոլոր դեպքերում վերցրեցինք Ձեր այդ դիտողությունը, կփորձենք հասկանալ՝ ինչով է պայմանավորված»։
Այնուհետև պատգամավորն արձագանքեց. «Պարոն Ջանջուղազյան, երբ ասում եմ՝ ինչ-որ բան գտնելն անհնար է, տարրական «control f»-ի մասին է խոսքը, «find» ֆունկցիան չի աշխատում, որովհետև յունիկոդով չէ գրված»:
Հարակից հրապարակումներ`
- Ավարտվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները
- Գիտության ֆինանսավորումը չի ավելանա նաև 2020-ին. Պանարմենիան.նետ
- 2020 թվականին կվերակառուցվի 22 մարզային դպրոց
- 2020-ի բյուջեով նախատեսվող ֆինանսական հատկացումները՝ ԱԺ-ին, ՍԴ-ին, ԲԴԽ-ին