Թրամփի իմպիչմենթի հետաքննության հարցով լսումներ են սկսվում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հետաքննության հարցով առաջին հանրային լսումներին, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Չորեքշաբթի հանրային ցուցմունք կտան Ուիլյամ Թեյլորը, որը ղեկավարում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը, եւ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը:
Ե՛վ Թեյլորը, եւ՛ Քենթը ներառված են նախկին եւ գործող պաշտոնական անձանց թվում, որոնք արդեն ցուցմունք են տվել փակ լսումների ընթացքում:
Ներկայացուցիչների պալատի կոմիտեները հրապարակել են նրանց ցուցմունքների վերծանությունը: Վկաները մանրամասներ են պատմել այն մասին, որ Թրամփն ու նրա շրջապատը փորձել են ստիպել Ուկրաինային հետաքննություն սկսել Թրամփի գլխավոր քաղաքական մրցակից, դեմոկրատ Ջո Բայդենի եւ նրա որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ, ինչպես նաեւ ստուգել 2016-ին ընտրություններին ենթադրյալ ուկրաինական միջամտության մասին տեսությունը:
Երկուշաբթի Թրամփը հետաքննությունն անվանել է «վհուկների վրա միակողմանի որս» եւ ասել, որ կարող է հրապարակել իր եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցի վերծանությունը, որը տեղի է ունեցել ապրիլին Զելենսկիի ընտրվելուց հետո:
«Պատմության մեջ հետագայում եւս ամենաթափանցիկ նախագահը լինելու համար այս շաբաթ կհրապարակեմ իմ եւ Ուկրաինայի նախագահի ամենաառաջին եւ, հետեւաբար, ամենակարեւոր հեռախոսազրույցի վերծանությունը»,- գրել է նա Twitter-ում:
Թրամփը պնդում է, որ «հիանալի» հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ, եւ որ ինքը որեւէ խախտում թույլ չի տվել:
Հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆը հանրապետականներին առաջարկել է ներկայացնել վկաների իրենց ցուցակը, սակայն հրաժարվում է հրավիրել 2 մարդու, որոնց ցուցմունքներն ամենից շատ են հետաքրքրում հանրապետականներին՝ Հանթեր Բայդենին եւ հետախուզության աշխակցին, որը զեկուցագիր է ներկայացրել՝ կապված Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում