Արթուր Ղազինյան. Փաշինյանն ուղղակի վարձահատույց է լինում իրեն իշխանության բերած մարգինալ փոքրամասնություններին
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանն անդրադարձել է Ազգային Ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեռափոխված Մել Դալուզյանի վերաբերյալ հայտարարություններին։
Հիշեցնենք, Փաշինյանը ողջունել էր նրա մասին ֆիլմը ֆինանսավորելու վերաբերյալ մշակույթի նախարարության որոշումը, ապա հայտարարել էր, որ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է։
«Այն մարդը, որի շնորհիվ երեք անգամ Հայաստանի դրոշը բարձրացվել է ու հիմը հնչել, նրան գովել ենք, դիմավորել ու դափնեփսակներ տվել, էդ խնդրի պատճառով հասել է ինքնասպանության հասարակության վերաբերմունքի, թարս նայելու պատճառով։ Հետո հասկացել է, որ այդ պրոբլեմը լուծելու միակ ճանապարհը Հայաստանից թողնել հեռանալն է»,-ասել էր նա՝ Դալուզյանի խնդիրը համեմատելով կույր ու սրտի արարտով ծնված երեխաների հետ։
Արթուր Ղազինյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դերասական խաղ է որակում։
«Հայաստանի թիվ մեկ հպարտ քաղաքացին երեկ ներկայացրեց «Փաշինյանների հետ» ռեալիթի շոույի հերթական դրամատիկ սերիան, որտեղ խիստ հուզական տոնով փորձեց հիմնավորել, որ ՀՀ հարկատուները պետք է և պարտավոր են վճարել Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված, Նիդեռլանդներում բնակվող սեռը փոխած մի հայազգի մի մարզիկի մասին ֆիլմի նկարահանման համար։
Բավականին հաջողված դերասանական խաղ էր՝ համեմված մարդասիրության և հայրենասիրության կեղծ պաթոսով, հայկական դրոշի նկատմամբ խիստ հարգալից վերաբերմունքով, ուղղակի այս անգամ ճանապարհին մաքսավոր չհանդիպեց, որպեսզի նրանից սարքի քավության նոխազ։
Եթե մարդասիրության և կեղծ հայրենասիրության պաթոսը դնենք մի կողմ, ապա ակնհայտ կդառնա, որ Փաշինյանն ուղղակի վարձահատույց է լինում և իր հավատարմության երդումն է տալիս իրեն իշխանության բերած մարգինալ փոքրամասնություններին։
Լինելով փորձառու հրապարակային գործիչ և հասարակական գիտակցության պրոֆեսիոնալ մանիպուլյատոր, նա հերթական անգամ փորձեց մոլորեցնել և թակարդը գցել միամիտ և դյուրահավատ ավանդապաշտ մեծամասնությանը՝ պահպանելով իր ազդեցությունը մարգինալ, բայց խիստ մոտիվացված ու կազմակերպված փոքրամասնության վրա։
Սա կեղծ օրակարգ է և ոչ մի աղերս չունի հայկական շահի հետ, և իմ խորին համոզմամբ, նպատակ ուներ խլացել վերջին երեք օրվա ընթացքում նրա կողմից հնչեցված խիստ վտանգավոր հայտարարությունների բացասական արձագանքը։
Պետք է հիասթափեցնեմ իրեն և իր թիկունքում կանգնած մարգինալ փոքրամասնություններին. այս անգամ չստացվեց, պարոնայք հեղափոխականներ։
Հ.Գ. Իսկ եթե Փաշինյանն ու իր թիմակիցներն այդքան մարդասեր են, ապա թող իրենց աշխատավարձերը փոխանցեն այդ ֆիլմի նկարահանման համար և այդ նպատակով հատուկ կարող են իրենց պարգևատրել»,-գրել է Ղազինյանը։