Այցը Հայաստան նպատակ ունի մոբիլիզացնել թիմին Հայաստանում իրականացվող ծրագրերի ուղղությամբ.ԵՆԲ ներկայացուցիչ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ ԵՆԲ գործարքների, կառավարման և վերակառուցման տնօրինության բաժնի ղեկավար Կատրին Բարբերիսի գլխավորությամբ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վաչե Տերտերյանը կարևորել է բանկի ներկայացուցիչների այցը նախարարություն, որն այժմ մի շարք նոր ենթակառուցվածքներ է համակարգում, և այս հանդիպումը լավ հնարավորություն է համարել գաղափարների փոխանակման և համագործակցության նոր ուղիներ գտնելու համար:
ԵՆԲ ներկայացուցիչ Կատրին Բարբերիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատվիրակության այցը Հայաստան նպատակ ունի մոբիլիզացնել իր թիմին Հայաստանում իրականացվող ծրագրերի ուղղությամբ, ինչը բանկի կողմից ազդակ է համարել՝ արդեն ստորագրված հանձառություններն իրականացնելու և երկրի հետ ծրագրերի փաթեթն ընդլայնելու ուղղությամբ:
Հանդիպմանը ՏԿԵ նախարարի տեղակալը բարձր է գնահատել բանկի հետ երկարամյա և իր ձևաչափով բազմակողմ համագործակցությունը և կարևորել է ջրամատակարարման, ջրահեռացման ենթակառուցվածքների, էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերի նշանակությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի ջրամատակարարման բարելավման, Համայնքային ենթակառուցվածքի զարգացման, Հայաստան-Վրաստան 400 կՎ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրերին:
Վ.Տերտերյանն առանձնահատուկ կարևորել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագիրը, ինչը հնարավորություն կտա բարելավել վեց մարզի քաղաքային և գյուղական համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, կառուցել կոյուղու մաքրման կայաններ:
Հանդիպմանը կողմերը մանրամասն քննարկել են բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը, անդրադարձ է կատարվել մի շարք ընթացակարգային հարցերի: