Քաղաքացին ահազանգում է. ՃՈ անգործությունը մարդկային կյանքեր է արժենում
Այս տարվա ինն ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 3 444 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 253 և մարմնական վնասվածքներ ստացել 4.959 մարդ: Ստացվում է, որ մեկ ամսվա ընթացքում վթարի հետևանքով մահանում է 28-29 մարդ։
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարիների համեմատ ավելացել են թե՛ վթարների, թե՛ դրանց հետևանքով վիրավորների, թե՛ զոհերի թիվը։
2018-ի ինն ամիսների ընթացքում գրանցվել է 2.921 վթար, որի հետևանքով զոհվել է 242 մարդ, վնասվածքներ ստացել 4.279 մարդ։ 2017-ին գրանցվել է 2.553 վթար, զոհվել է 201 մարդ, վնասվածքներ է ստացել 3.783 մարդ։
«Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լևոն Հարությունյանը հետևողականորեն բարձրաձայնում է Հայաստանում երթևեկության խնդիրների, դրանց հնարավոր լուծումների մասին։ Նրա հիմնադրած խմբում մի քանի հազար քաղաքացիներ ամեն օր տեսանյութեր, լուսանկարներ, լուրեր ու տվյալներ են հրապարակում երթևեկության խախտումների մասին։
Panorama.am-ի հետ զրույցում Լևոն Հարությունյանը Հայաստանի փողոցներում տիրող վատ երթևեկությունը պայմանավորում է ճանապարհային ոստիկանության անգործությամբ, խախտումները չարձանագրելով։
«Մեր խմբում իրականացրած ուսումնասիրությունները, իմ ընկերների շրջանում արած հարցումները, նաև իմ սեփական փորձով կարող եմ հայտնել, որ տեսախցիկները խախտումները չեն արձանագրում, եղել են կարմիր լույսի տակով անցնելու դեպքեր, որոնց վերաբերյալ ակտի արձանագրություն չի կազմվել։ ՃՈ-ն ասում է՝ իրավախախտումների արձանագրությունների թիվն ավելացել է։ Իհարկե, ամրագոտի կապելը շատ կարևոր է, բայց դրա վրա ֆիքսվել, թողնելով արագությունը գերազանցողներին ու հանդիպակաց գոտի դուրս եկողներին, ճիշտ չէ։ Հենց հրապարակեն այդ խախտումների բնույթը, պարզ կդառնա, որ դրանց մեծ մասն ամրագոտի չկապելու հետ է կապված»,-կարծիք հայտնեց Հարությունյանը։
Նա խոստովանում է, մի անգամ էլ ինքն է Մալաթիայի խաչմերուկներից մեկում պատահաբար անցել կարմիր լույսի տակով, ու չնայած տեղանքում մի քանի տեսախցիկների առկայությանը, մինչ այս պահը տուգանվելու մասին որևէ ծանուցում չի ստացել։ Քաղաքացին տեղյակ չէ, ճանապարհային ոստիկաններն ինչ-որ մեկի հրահանգո՞վ են այդպես վարվում, թե՞ ինքնակամ, բայց փաստում է՝ նախկինում նրանց աչքից ոչինչ չէր վրիպում, իսկ հիմա վրիպումները շատ շատ են։
Նա ուշադրություն է հրավիրում փաստին, երբ ՃՈ մեքենաները բաժանված են զույգ և կենտ օրերին աշխատելու համար։
«Նախկինում երբ կոռուպցիա կար, դրանք երկուսն էլ նույն օրը աշխատում էին։ Բանն այն է, որ զույգ օրը աշխատանքի եկած կենտ օրվա մեքենան արձանագրություն չէր կազմում, չէր կարող կազմել, նրանք էլ վարորդների առաջարկած գումարն էին վերցնում։ Դա իհարկե վատ էր, բայց մյուս կողմից էլ լավ էր, քանի որ ՃՈ-ի մեքենաները շատ էին, խախտում կատարողներին կանգնեցնում էին։ Քանի որ ՃՈ-ի հիմքում եղել է կոռուպցիան, իսկ հիմա չկա, ՃՈ-ն չի աշխատում։ Հիմա պետք է անձնակազմը ավելացնեն, աշխատավարձը բարձրացնեն, ինչը նրանց կմոտիվացնի աշխատել»,-ասաց Լևոն Հարությունյանը։
Որպես խնդրի լուծումներից մեկը նա կարևորում է նաև երթևեկության կանոնակարգման բալային համակարգի օր առաջ ներդրումը։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է մշակել, ըստ որի վարչական տույժի նոր տեսակ կսահմանվի, որը կկոչվի «տուգանային միավոր», իսկ որպես սանկցիա կավելանա «վարորդական իրավունքից և հատուկ իրավունքից զրկում»-ը: Տուգանային միավորները կկիրառվեն ճանապարհային երթևեկության կանոնները խախտած անձանց նկատմամբ: Դեռ անցած տարի մշակված օրինագիծը դեռ ԱԺ չի հասել։
Խմբի անդամներին լուրեր են հասել, որ ցանկանում են մեղմացնել նախատեսվող պատիժները։
«Անհասկանալի պատճառներով դրա՝ ԱԺ ուղարկումը ձգձգվում է։ Ցանկանում են մեղմացնել պատիժները, բայց այս պահին ցանկացած մեղմացում հղի է մարդկային կյանքի նոր կորուստներով։ Օր առաջ այն պետք է ընդունվի, ամեն ուշացած օրը մարդու կյանք արժե, եթե շանս կա, որ դու կարող ես գոնե մի մարդու կյանք փրկել, ապա պետք է այն օգտագործել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրենք դեմ են ցանկացած մեղմացմանը։
Նա խորհուրդ է տալիս վթարների թվի ավելացումը չպայմանավորել մեքենաների թվի ավելացման հետ, դրա պատճառը խախտումների թերի արձանագրումն է։
«Ավելին, խցանումների ժամանակ տեղի ունեցած վթարները թեթև են, Երևանում գուցե նաև այդ պատճառով է վթարների հետևանքով զոհերի թիվը նվազել է»,-ասաց նա։
Լևոն Հարությունյանի՝ խնդրի վերաբերյալ գրառմանն արջագանքել է «Իմ քայլը» խմբակցության անդամ, ՃՈ պետի նախկին տեղակալ, «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի համահեղինակ Արմեն Խաչատրյանը։
«Հարգելի ընկերներ, այսօր բալայինի ուշացման հարցը քննարկել եմ նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ։ Վերջինս խոստացավ շատ կարճ ժամանակահատվածում օրենքի նախագիծն ուղարկել ԱԺ։ Շնորհակալ եմ բոլորին այսպիսի ուշադրության համար։ Նախագիծը բավականին երկարատև տքնաջան աշխատանքի արդյունք է և օր առաջ պետք է ընդունվի։ Հավատացած եղեք, թեև այս թեմայով առայժմ քիչ հրապարակումներ եմ ունենում, սակայն այն իմ ամենօրյա քննարկումների օրակարգում է և շատ կարևոր է ինձ համար»,-գրել է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Երթևեկության խախտումները նկարահանելու և ոստիկանությանն առցանց փոխանցելու նախագիծն ամբողջությամբ ընդունվեց
- Հայաստանում 9 ամսում ՃՏՊ-ներից զոհվել է 253 մարդ
- ԲՀԿ-ական պատգամավորը ավտովթարների աճը կանխարգելող նոր օրինագիծ է ներկայացրել
- Հայաստանում այս տարվա 10 ամիսներին ավտովթարներից զոհվել է 228 հոգի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան