Սուրբ Ղազար կղզին վնասներ է կրել
Վենետիկում նոյեմբերի 12-ի երեկոյան սկսած անբարենպաստ եղանակի պատճառով ջրի մակարդակը հասել է 180 սանտիմետրի, ինչի հետևանքով քանդվել են քարափներ, խորտակվել են նավեր: Ջուրը հեղեղել է ողջ քաղաքը: Սուրբ Ղազար կղզին նույնպես վնասեր է կրել: Մխիթարյան միաբանությունից Հայր Համազասպ Քեշիշյանը հայտնում է, որ գետնահարկի բոլոր սենյակները ողողվել են լճակի տղմոտ ջրով, ջուր է լցվել նաև սեղատուն:
«Դժբախտաբար, անգամ եկեղեցին է լցվել կես մետր ջրով, հասնելով ավանդատուն՝ վնասել է եկեղեցական որոշ զգեստներ և ձեռագործ զարդարանքներ ու գորգեր:
Միայն վաղ առավոտյան տեսանք, որ կղզու հարավային կողմը եզերող պարիսպն ամբողջությամբ քանդվել էր»,- գրել է նա։
Հայր Համազասպը նաև տեղեկացնում է, որ վնասվել է վանքի մոտ կայանված Արմանիա առագաստանավը, որն ալիքները քշել են ու հարվածել պարիսպներին՝ քանդելով այն։
Վանքի Մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունն ու դիվանն անվնաս են մնացել:
Ավելի վաղ Վենետիկի իշխանությունները հայտնել էին, որ քաղաքում ջրի մակարդակը հասել է ռեկորդային 187 սանտիմետրի: Ավանդավար չորս տարին մեկ է Վենետիկը «բարձր ջրի» շրջան ապրում եղանակի հետևանքների պատճառով: Որպես կանոն ջուրը 110 սանտիմետրից ավելի չի բարձրանում՝ հեղեղելով քաղաքի մոտ 10 տոկոսը: Իշխանությունների տեղեկությամբ, 140 սանտիմետրից բարձր ջուրը հեղեղում է քաղաքի 90 տոկոսը: 1966 թվականի 194 սանտիմետրից հետո սա պատմության մեջ երկրորդ ամենաբարձր մակարդակն է:
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկում ջուրը հասել է ռեկորդային մակարդակի
- Մխիթարյան միաբանությունը պատմական արժեք է. Արա Թարվերդյան
- Մխիթարյանների թողած գիտական ժառանգությունը լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի. Հրանուշ Հակոբյան
- Մխիթարյան միաբանությունը 200 տարեկան է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան