Բոլոր տեսակի ֆիլմեր էլ կարող են գոյություն ունենալ. Միրզոյանը՝ «Մել»-ի ու 20 մլն.դրամի մասին
«Ես սատարում եմ նրա վարած բարեփոխումների քաղաքականությանը, կարծում եմ, որ այն թեզերը, որոնք հրապարակ է դրել, համընկնում են իմ պատկերացումներին։ Հրաժարականի հիմք բացարձակապես չկա»,-ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջներին անդրադառնալով լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Լրագրողները օրենսդիրի ղեկավարից հետաքրքրվեցին նաև «Մել» ֆիլմից ու տրամադրված 20 մլն դրամից։
«Երբ խոսում ենք արվեստի մասին, իսկ ֆիլմը արվեստի աշխարհից է, կարող են տարբեր բանել հավանել կամ չհավանել, հասկանալ, չհասկանալ: Ուզում եմ մի մեծ մեղք խոստովանել, եթե դա մեղք է, ես չեմ կարող պարծենալ, որ ես ամբողջութամբ հավանում կամ հասկանում եմ Փարաջանովի «Նռան գույնը»: Հասկանում եմ՝ սա շատ մեծ մեղք է, բայց վստահ չեմ, որ բոլորվին անտեղյակ մեկին կարող եմ բացատրել այն ինչի մասին է: Սա չի խանգարում ինձ ընդունել այլոց համոզմունքն այն մասին, որ սա բարձր արվեստի փառահեղ դրսևորում է։ Չգիտեմ՝ երբ պատրաստ լինի, կհավանեմ, չեմ հավանի, կհասկանամ, չեմ հասկանա այս ֆիլմը, բայց, ընդհանրապես, եթե այս ազգայնական անհանդուրժողականությունից վերացարկվենք, ապա կհասկանանք, որ կինոաշխարհում ֆիլմեր ստեղծվում են ամենատարբեր բաների մասին: Սա կինոաշխարհ է, այստեղ ես իմ մեկնաբանությունը չունեմ, ընդամենը կարող եմ ասել, որ բոլոր տեսակի ֆիլմեր էլ կարող են գոյություն ունենալ»,- պատասխանեց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է ֆինանսավորման մասին՝ ասաց, որ «ինչու չէ 20 մլն դրամ էլ կարելի է հատկացնել, որ մարդիկ մի պահ հնարավորություն ունենան իրենց առօրյայից կտրվելու և մի հայացք էլ այդ խնդրին նետեն, հետո էլի գնան իրենց գործերով»։
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակվարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով սեռափոխված ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար բյուջեից 20 միլիոն դրամ հատկացնելուն, մասնավորապես ասել էր. «Ֆիլմը մի մարդու մասին է, ով Եվրոպայի եռակի չեմպիոն է, ռեկորդակիր է, որի ռեկորդը մինչև հիմա շարունակում է գոյություն ունենալ, որի չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացել է, հիմնը երեք անգամ հնչել է: Այս մարդը վաստակ ունի մեր պատմության մեջ:
Հանրության արձագանքի պատճառով, որ բոլորը թարս են նայել իրեն, հետևից փսփսացել են, մարդը հասել է ինքնասպանության եզրին ու հասկացել՝ պրոբլեմի լուծման միակ ճանապարհը Հայաստանից թողնել-հեռանալն է:
Ես տեղյակ չեմ եղել, որ որոշում է կայացվել ֆինանսավորել այդ ֆիլմը, բայց ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը: Ես ասում եմ՝ ճիշտ է արել, գոհ եմ ու հպարտ մեր մշակույթի նախարարությամբ, որ էդ որոշումը կայացրել են, կեցցեն իրանք:
Թույլ չեմ տա, որ Հայաստանի դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ: Այդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է»։
Լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև Արսեն Բաբայանի այսօր արած հայտարարությանը։ Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն այսօր հայտարարել էր, որ իշխանությունների համար թիվ մեկ խնդիրը Հրայր Թովմասյանից ազատվելն է։
«Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք թիվ մեկ, ոչ էլ թիվ երկու, ոչ էլ երեք, ոչ էլ թիվ հինգ խնդիրը չի եղել»,- ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողների դիտարկմանը։
«Մենք մեր առջև դրած թվով մի քանի տասնյակ խնդիրը լուծում և լուծել ենք: Չգիտեմ՝ ով իրեն ինչ է ներշնչել: Ես շարունակում եմ ՍԴ մթնոլորտը «ճգնաժամ» բառով նկարագրել», - ասաց ԱԺ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Ուսանողները հրավիրում են Արայիկ Հարությունյանին ոչ կուլիսային քննարկման
- Արսեն Բաբայան. Հրայր Թովմասյանից ազատվելու ճանապարհին իշխանությունը կանգ չի առնում ոչնչի առաջ
- «Արայիկ Հարությունյանը խնդիրը սեղանի շուրջ լուծելու բոլոր տարբերակները մտցրել է փակուղի»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան