Վարչապետը ԱԱԾ-ին հանձնարարել է պարզել QR կոդի և սատանայի հետ կապը
Վարչապետը ԱԱԾ-ին հանձնարարական է տվել պարզել՝ QR կոդը սատանայի հետ որևէ կապ ունի, թե չունի։
«Առանց կատակի, ես այդպիսի հանձնարարական տվել եմ՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները։ Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, պետք է դա պարզվի, ի վերջո ազգային անվտանգության խնդիր է»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն էլ հաստատեց, որ վարչապետից նման հանձնարարական ստացել է։
«Այո, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ենք ստացել», - նշեց նա, ինչը հարուցեց վարչապետի և կառավարության անդամների ծիծաղը։
«Ովքեր տեղեկություններ ունեն, կոչ եմ անում ԱԱԾ–ին դիմել»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ կառավարության նիստում QR կոդի ու սատանային կապի մասին խոսվեց այն ժամանակ, երբ Շրջակա միջավայրի նախարարը ներկայացնում էր որսի թույլտվություններն օնլայն տարբերակով ստանալու մասին նախագիծը։
Վարչապետն ասաց, որ Հայաստանում օնլայն բանկինգը, ընդհանրապես էլեկտրոնային գործարքները բավարար տեմպերով չեն զարգանում, ինչը պայմանավորված է իրազեկվածության պակասով։
«Ճիշտ կլինի տեղեկատվական հայեցակարգ, ռազմավարություն մշակվի։ Եթե մարդը կարող է երեկոյան իր տնից, սուրճ խմելով կոմունալ ծախսերը վճարել, տարբեր ծառայություններ անել, հասկանալի է, որ որևէ մեկին հաճելի չէ ժամերով բանկում հերթ կանգնել, մի կես ժամ էլ ավտոմեքենան կայանելու համար տեղ փնտրել, և այսպես շարունակ։ Պետք է նաև հաշվի առնել ռիսկերը և ամենայն խորությամբ ուսումնասիրել՝ QR կոդը սատանայի հետ որևէ կապ ունի, թե չունի»,- նշեց վարչապետը։
Կառավարության նիստից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս անդրադարձավ վարչապետի հանձնարարականին։
«Նման հանձնարարական է եղել, բարձրացվել է հարց՝ ուսումնասիրել և կոնկրետ պատասխան տալ, քանի որ կան քաղաքական ուժեր և անհատներ, որ դրանով մտահոգված են, և անհրաժեշտություն կա այդ մտահոգությունները փարատել»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում