Ահազանգ. Նոր Հայաստանում մարդու արժանապատվությունը նսեմացվում է հենց առողջապահական համակարգում
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Սահակյանն ահազանգում է Ավան Հոգեբուժական կենտրոնի՝ մեղմ ասած անմխիթար վիճակի մասին։
Նա ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է տեսածը, հրապարակել լուսանկարներ, արձագանքի համար նշել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, փոխնախարար Լենա Նանուշյանին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին։
«Ապշած եմ, վրդովված և հիասթափված: Անձնական նկատառումներով գտնվում էի Ավան Հոգեբուժական կենտրոնում, որի բուժման համար նախատեսված բաժանմունքներում տեսածս չգիտեմ, թե ինչպես կարելի է նկարագրել բառերով:
Որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հարազատ՝ հայտարարությունս անում եմ հրապարակային և ցանկանում հիշեցնել, որ բացի ծխախոտի դեմ պայքարի հույժ կարևոր ռազմավարությունից, այսպիսի խնդիրների լուծմանը պետք է անդրադառնալ, որոնք կարևոր են և հրատապ:
Նկարում երևացող ավերակների անմարդկային պայմանները պարզապես վառ ապացույցն են առ այն, որ նոր Հայաստանում մարդու արժանապատվությունը նսեմացվում է հենց առողջապահական համակարգում: Այժմ հասկանում եմ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այն անձանց, ովքեր հրաժարվում են անցնել ստացիոնար բուժում, իսկ ստացիոնար բուժում ստացողների մեծամասնությունը հայտնվել է այնտեղ հարկադրաբար:
Անհարգալից վերաբերմունք հիվանդների նկատմամբ, արժանապատվությունը ոտնահարող խայտառակ պայմաններ՝ քանդված, բորբոսնած պատեր, կեղտոտ զուգարաններ, գարշելի հոտ, անորակ, հակահիգիենիկ սնունդ և այլն:
Մինչդեռ հիվանդին առաջարկվում է վարձել VIP սենյակ այսպես կոչված սանատոր բաժանմունքում, որի օրական արժեքը կազմում է 30. 000 ՀՀ դրամ: Ստիպված եմ իմ հարազատին տեղափոխել այդ սանատոր բաժանմունք կոչվածում բուժումը շարունակելու համար, քանի որ նման խայտառակ և ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՍԵՄԱՑՆՈՂ պայմաններում չեմ կարծում, որ բուժումը կլինի արդյունավետ:
Ցավում եմ, երբ հիշում եմ աչքիս առաջ եկած այն ահասարսուռ տեսարանը, որը այսօր մեր իրականությունն է և որում մարդիկ ստանում են ստացիոնար բուժում:
Խնդրում եմ և պահանջում անհապաղ անրադառնալ այս խնդրին և տալ դրան լուծում, քանի որ հոգեկան առողջության պահպանման ինստիտոտը առողջապահական համակարգի կարևորագույն մասնիկներից մեկն է:
Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հանդիպման, պատրաստ եմ իմ անձնական ներդրումը ունենալ ոլորտի օր առաջ բարելավման գործում»,-գրել է օգտատերը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան