Հայաստանում ՀԴՄ-ների դեֆիցիտ կա
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ները պետք է ունենան պոստ տերմինալի ֆունկցիա: Նրա խոսքով՝ այդ ՀԴՄ-ների առաջին խմբաքանակը կներկրվի այս ամսվա վերջին կամ դեկտեմբերի սկզբին։
«Մենք առաջարկում ենք սահմանել, որ եթե բոլոր մնացած տեխնիկական պահանջները բավարարված են, այսինքն՝ ՀԴՄ սարքը համապատասխանում է տեխնիկական պահանջներին, ապա պայման ենք դնում, որ 6 ամսվա ընթացքում այդ պոստ տերմինայի ֆունկցիան պետք է ևս ակտիվացվի: Սրանով հնարավորություն կտանք, որ ոլորտի ազատականացման գործընթացում ներգրավված տնտեսվարողները օր առաջ կարողանան գործունեություն ծավալել»,- նշեց Դավիթ Անանյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀԴՄ-ների ներմուծման ու վաճառքի ազատականացումը խնդիրներ է առաջացրել Հայաստանում։
«Երկար տարիներ Հայաստանում քննարկվում էր, որ ՀԴՄ-ների ներմուծման ոլորտում պետական մենաշնորհ չպետք է լինի, մենք շուկան ազատականացրեցինք, ինչի արդյունքում առաջացավ ՀԴՄ-ների դեֆիցիտ: Պահանջարկն ավելացավ, ինչը մի կողմից լավ նշան էր, բայց փաստն այն էր, որ մեր ունեցած ՀԴՄ-ները շատ արագ սպառվեցին, կապված նաև նրա հետ, որ գներն իջեցրինք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Դավիթ Անանյանն էլ ասաց, որ դեֆիցիտն այս պահին էլ կա. «Կառավարության որոշումներն ընդունվեցին 2019 թ-ի մայիսին, և այդ պահին ՊԵԿ-ի ՊՈԱԿ–ում կար 4000 ՀԴՄ սարքի ձեռքբերման հայտ, մինչդեռ ՊՈԱԿ-ն ուներ 13,5 ՀԴՄ սարք։ Մենք հիմա ապահովում ենք միայն սահմանամերձ համայնքների գործարարների պահանջարկը և նրանց այդ սարքերը տրամադրում ենք անվճար»։
Նա նաև նշեց, որ այս պահին ՊՈԱԿ-ում առկա է 100-110 ՀԴՄ, բայց հայտերի քանակը 10 հազարից ավելի է։