ԱՄԷ-ում հեքիաթից գումար են վաստակում, մենք մեր ավանդույթներից չենք կարողանում փող աշխատել. պատգամավոր
ԱԺ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց գիտելիք-տնտեսություն կապից։
«Ինչպե՞ս է այս տարվա բյուջեում արտահայտվում գիտելիք-տնտեսություն կապը։ Ինչպե՞ս ենք ֆինանսավորում և ի՞նչ ենք ակնկալում ստանալ գիտությունից, որպեսզի ներդնենք տնտեսության զարգացման մեջ»,- հարցրեց պատգամավորը։
Խաչատրյանը պատասխանեց, որ հարցն իր ուղիղ իրավասություններից դուրս է ընդհանուր կարձագանքի։
«Հատկապես բարձր տեխնոլոգիական ոլորտում վերջին երկու երեք տարիների ընթացքում միջին աճը կազմել է առնվազն 23-25 տոկոս, սա նշանակում է, որ տեխնոլոգիական ծառայությունների բնագավառը, իր ճիշտ ընթացքի մեջ է։ Սա չի նշանակում, որ մենք պետք է հանգստանանք, այլ՝ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք»,- ասաց նախարարը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ նախարարին ուղղված հարցը վերաբերում էր զբոսաշրջության ոլորտին։
«Մենք պետք է նորարարության ասպարեզում բարձր նշաձող դնենք։ Օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում հեքիաթից գումար են վաստակում՝ Ալադինի քաղաք են կառուցում ծովի մեջ: Մենք ունենք իրական ու աշխարհին հայտնի ավանդույթներ, բայց մեր ավանդույթներից չենք կարողանում փող աշխատել։ Օրինակ՝ նույն հուշանվերների հետ կապված չունենք այն տարատեսակ ամբողջությունը, որ հնարավոր լինի բավարարել ամբողջ պահանջարկը, հասկանում եմ՝ սա մասնավորի հարց է, բայց մասնավոր բիզնես-պետություն համագործակցությամբ հնարավոր է շատ հարցեր լուծել»,- նկատեց պատգամավորը։
Նախարարը պատասխանեց, որ մի քանի նախաձեռնություն կան, որոնք մասնավոր հատվածից եկել են կառավարության քննարկմանը. «Դիտարկում ենք, թե որ նախաձեռնության առնչությամբ ինչ է ակնկալվում և մրցակցային հիմքով ինչ կարող ենք մենք մեր կողմից անել, որպեսզի դրանք իրագործվեն»։
Խաչատրյանի կարծիքով՝ տարվա ընթացքում այս ուղղությամբ նոր բան կունենան ասելու։