Պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ այլ աղբյուրներից է ֆինանսավորվելու ոստիկանության բարեփոխումների ծրագիրը
Խորհրդարանում ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը դիմելով նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ ասաց. « 2020 թվականին ոստիկանությունում նախատեսվում է աննախադեպ մեծ ծավալի կառուցվածքային և կազմակերպչաիրավական բարեփոխումներ, սակայն բյուջեում նախատեսված չեն այդ բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցներ, և ոստիկապետի պաշտոնակատարը նշեց, որ այդ միջոցներն այլ աղբյուրներից են լինելու։ Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ աղբյուրներից է լինելու այդ ֆինանսավորումը և որքանո՞վ է դա ռեալ»։
Ի պատասխան նախարարն ասաց, որ գործնականում չկա այնպիսի ծրագիր, որն արդյունքի տեսակետից հիմնավորված է և հնարավոր չլինի դրա համար ֆինանսավորման աղբյուր ունենալ։
«Տվյալ դեպքում պատճառը պետք է փնտրել ոչ թե ֆինանսական հնարավորությունների մեջ, այլ ծրագրի կենսունակության մեջ։ Իմ տեղեկությամբ մենք հիմա գտնվում ենք այն փուլում, երբ փորձում ենք հստակեցնել այդ ծրագիրը, դարձնել ամբողջի մաս։ Ռազմավարական ծրագրերը ներկայումս կառավարության քննարկման փուլում են գտնվում, և մենք խնդիր ունենք այդ բոլորը ներդաշանակեցնելու իրար հետ»,- նշեց Ջանջուղազյանը։
Նրա խոսքով՝ ֆինանսական հնարավորություններով չեն կարող իրենց թույլ տալ այնպիսի շռայլություն, որ սահմանափակեն բարեփոխումների ծրագերի իրականացումը։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորը Ջանջուղազյանին խնդրեց փաստաթղթերը նորմալ տեսքով ԱԺ ուղարկել
- Ավարտվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները