Կառավարությունն ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծերի փաթեթը
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծով առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգը՝ պահպանելով դատավորների բոլոր սոցիալական երաշխիքները։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս նախագծերի ընդունման նպատակը 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով ՍԴ մոդելի կյանքի կոչումն է։
Նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում՝ նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:
«Այդ փոփոխություններով ՍԴ 9 դատավորները պետք է ընտրվեն ԱԺ-ի կողմից, մասնավորապես, երեք դատավորի ներկայացնում է կառավարությունը, երեքին՝ ՀՀ նախագահը և երեքին՝ Դատավորների ընդհանուր ժողովը: Ստացվում է այնպես, որ հնարավոր է՝ առհասարակ կյանքի չկոչվի այս մոդելը, քանի որ ՍԴ-ում պաշտոնավարում են անդամներ, որոնք ընտրվել էին հին կարգով»,- ընդգծեց արդարադատության նախարարը։
Նա նաև ասաց. «Հաշվի առնելով Հայաստանում տարիներ շարունակ կոռուպցիայի բարձր մակարդակը, որն ազդեցություն է ունեցել դատական մարմինների ձևավորման վրա, խնդիր ենք դրել տարբեր գործիքներով ստուգել դատավորների և իրավապահների բարեվարքությունը։ Եվ, վաղ կենսաթոշակի ներդրումն այս ուղղությամբ հերթական քայլն է»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով նախագծին, ասաց, որ 2015 թ-ի սահմանադրական փոփոխություններով հիմնադրվել է Սահմանադրական դատարանի մոդել, որի համաձայն, սահմանված է ՍԴ դատավորների պաշտոնավորման 12 տարի ժամկետ։
«Այս դրույթներն ամբողջությամբ ուժի մեջ են մտել, բայց այս սահմանադրական փոփոխություններով նախատեսված դրույթները հնարավոր չէ իրականացնել առնվազն մինչև 2035 թվականը: Փաստորեն, սահմանադրական փոփոխությունների հեղինակները մի կողմից ասել են, որ երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը գտել ենք, բայց մյուս կողմից արել են գործողություններ, որոնք մինչև 2035 թվականը թույլ չեն տալու ունենալ այդ երազանքի Սահմանադրական դատարանը»,- ընդգծեց վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանում 10 տարին մեկ Սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացվում և, եթե այդ տրամաբանությամբ գնան, հնարավոր է, որ 2025 թ-ին նույնպես լինեն փոփոխություններ և այս դրույթները փոխվեն։
«Այդ տրամաբանությամբ կստացվի, որ Հայաստանում ուժի մեջ սահմանադրական դրույթները չեն կիրառվում և սա թերևս իրավակիրառ պրակտիկայի աբսուրդներից մեկն է: Մենք այս օրենքով հնարավորություն ենք տալիս, որ այդ խնդիրը լուծվի։ Հաշվի առնելով այն, որ ՍԴ դատավորների մի մասն ակտիվ մասնակցություն է ունեցել Սահմանադրության ձևավորմանը, սրանով հնարավորություն ենք տալիս, որ մարդիկ աջակցեն իրենց իսկ երազանքի դատարանի գործելուն՝ առանց սոցիալական երաշխիքների կորստի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։