Իրական հերոսն ու հաղթանակը
Որևէ մեկը կասկած չի կարող ունենալ, որ հայ ազգը հարուստ է իրական հերոսներով, լեգենդներով, տաղանդներով ու հանճարներով: Ցանկացած ոլորտից՝ մշակույթ, գիտություն, ռազմական և այլն, կարող ենք ներկայացնել անուններ, որոնց մշտապես հպարտությամբ ենք հիշում ու հիշելու ենք: Այսօր էլ մեր կողքին ունենք իրական հերոսներ: Թեև որոշակի շրջանակում իրական հերոսի մասին պատկերացումները որոշակիորեն խեղված են, սակայն իրական հերոսին երբեք հնարավոր չէ նսեմացնել ու ստիպել, որ նրան մոռացության մատնեն:
Իրական հերոսներից է ծանրամարտ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը: Գյումրեցի աղջիկն իր կարիերայի ընթացքում ցույց տվեց, թե ինչպես պետք է լինի իսկական մարզիկն ու կինը:
Հայ ծանրորդուհին ավտովթարից, վիրահատությունից հետո իր մեջ ուժ գտավ ու վերադարձավ սպորտ: Ոչ միայն վերադարձավ, այլ դարձավ չեմպիոն:
Լրագրող, ռեժիսոր Սուրեն Արեենցը պատրաստվում է ֆիլմ նկարել Նազիկ Ավդալյանի մասին: Նախապատրաստական աշատանքներն արդեն սկսված են, սցենարը գրվում է: Թեև նա դեռ անձամբ չի հանդիպել Նազիկի հետ, սակայն հույս ունի, որ առաջիկայում այդ հանդիպումը կկայանա:
«Վաղուց գաղափար կար, որ վեր հանվի մեր հայոց թագուհիների պատմությունները: Տեղեկություններ կան, որ շատ-շատ վաղուց ենք հայ թագուհիներ ունեցել, որոնք ղեկավարել են տարածաշրջանը: Հիմնական նպատակն է՝ ցույց տալ, որ մեր կանայք միշտ ունեցել են հավասար դերակատարում, ինչ տղամարդիկ, նույնիսկ ղեկավարման առումով որևէ տարանջատում չի եղել: Մեզ մոտ կինն ունի նաև իր կարևոր գործառույթը՝ ընտանիքում լինել մայր, երեխա ծնող ու ազգը շարունակող»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Արեենցը:
Նա ընդգծեց, որ Նազիկի օրինակով ուզում են ցույց տալ, որ կինն ինչքան կարող է ուժեղ լինել ընտանիքում, նույնքան էլ գործում:
«Հաճախ արական սեռի ներկայացուցիչներն իրենց մեջ ուժ չեն գտնում վնասվածքից հետո կրկին վերադառնալ սպորտ ու հաղթանակ բերել իր ազգին: Սակայն դա արեց Նազիկը, որովհետև կնոջը հատուկ է ցավը վերապրելու ունակությունը»,- ասաց ռեժիսորը:
Սուրեն Արեենցը նշեց, որ Նազիկի կերպարն ընտրել է համացանցի պահանջով: Փաստավավերագրական ֆիլմի նկարահանման համար նա դիմելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ֆինանսավորման որոշակի ակնկալիքով: Միաժամանակ նշում է, որ անկախ ամեն ինչից «Areents Production»-ը նկարահանելու է այդ ֆիլմը:
«Երբեք չպետք է կնոջ դերակատարումը նվաստացնել կամ գուցե արհեստականորեն ստեղծել մթնոլորտ, որտեղ իբր կնոջը չենք հարգում կամ կնոջը միայն տանը, խոհանոցում ենք սիրում»,- ասաց ռեժիսորը:
Ս. Արեենցի խոսքով, այս շարքը շարունակական է լինելու:
«Նույնիսկ երբ կոտրված էր ողնաշարս, ու ես հիվանդանոցում պառկած էի, միշտ հույս ունեի, համոզված էի, որ կվերադառնամ սպորտ: Եթե հիասթափվեի ու այդ համոզմունքը չլիներ, հաստատ վերադառնալու փորձեր չէի անի»,- հաղորդումներից մեկի ժամանակ ասել է Նազիկ Ավդալյանը:
Սկզբնական շրջանում բժիշկներն էին այն կարծիքին, որ նման կարգի վնասվածքով սպորտ չեն վերադառնում, այն էլ՝ ծանրամարտ: Թեև բժիշկներն ասել էին, որ չի կարող մարզվել, բայց Նազիկը «գողտու» զբաղվել է ու բարձրացրել ծանրաձող: Բարձրացրեց ու 2016 թվականին Հայաստանն ունեցավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Իր հաղթանակը նա նվիրեց «Ղարաբաղում կռվող բոլոր տղաներին»:
Հարակից հրապարակումներ`
- Ես շատ եմ ուզում, որ Արցախում ծանրամարտը զարգանա.Նազիկ Ավդալյան
- Նազիկ Ավդալյանն օգնում է Արցախի ծանրորդներին
- Նազիկ Ավդալյան. «Արեցի այն, ինչ կարող էի»
- Նազիկ Ավդալյան. «Երեխաները և ուժ են տալիս, և կոտրում մեզ»
- Նազիկ Ավդալյան. «Հայ զինվորի շնորհիվ ենք հաջողությունների հասնում»
- Նազիկ Ավդալյան. Առավել ևս հիմա մեր ազգին պետք են հաղթանակներ
- Ես ուժ էի ստանում սահմանին կանգնած մեր զինվորներից. Նազիկ Ավդալյան
- Նազիկ Ավդալյան. «Մեդալների համար դեռ չեմ կարող պայքարել»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին