«Ժողովուրդ». Գործադիրը խորհրդարանին առաջարկում է հրատապ ընդունել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինագծերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը ՍԴ դատավորներից ազատվելու նոր սցենար է մշակել: Փաստորեն, մի կողմից իրավական գրոհն է շարունակվում, մյուս կողմից` նույն ուժով դիմադրությունը: Գործադիրը խորհրդարանին առաջարկում է հրատապ ընդունել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինագծերը, որոնց առանցքային առաջարկով` եթե ՍԴ անդամը մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը հրաժարական տա, ապա կենսաթոշակ կստանա հրաժարականի պահին ստացած աշխատավարձի ու հավելավճարի չափով մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը:
Գործադիրը «Սահմանադրական դատարանի» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքների այս փոփոխությունները նախօրեին ուղարկել է ԱԺ՝ արտահերթ ռեժիմով հաստատման: Ինչո՞վ է պայմանավորվում այս հապճեպությունը… Օրինագիծը ներկայացնող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում ասել է. «Հաշվի առնելով Հայաստանում տարիներ շարունակ կոռուպցիայի բարձր մակարդակն ու դրա հնարավոր ազդեցությունը դատական մարմինների ձևավորման վրա` մենք խնդիր ենք դրել տարբեր գործիքներով ստուգել դատավորների և իրավապահների բարեվարքությունը, և վաղ կենսաթոշակի ներդրումն այս ուղղությամբ հերթական քայլն է»: Դժվար է, անշուշտ, հասկանալ, թե վաղ կենսաթոշակի ուղարկելը ինչպիսի ուղիղ կապով է ստուգում դատավորի բարեվարքությունը: Այստեղ նկատենք, որ մեկ այլ հիմնավորում էլ կա. ՀՀ նոր Սահմանադրությամբ ՍԴ 9 դատավորներին պետք է ընտրի ԱԺ-ն կառավարության, դատավորների ընդհանուր ժողովի ու ՀՀ նախագահի առաջադրած 3-ական թեկնածուներից: Բայց Բադասյանը մտահոգվել է, որ այս մոդելը հնարավոր չի լինի կիրառել, որովհետև սահմանադրական փոփոխություններից առաջ արդեն պաշտոնավարում էին ՍԴ անդամները, որոնք ընտրվել են հին կարգով: Վարչապետ Փաշինյանն էլ տարակուսել է` եթե կառավարությունը ոչինչ չփոխի, ապա սահմանադրական այդ մոդելը հնարավոր չի լինի կիրառել մինչև 2035թ.-ը, երբ ավարտվելու է այսօրվա ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն ասել է, թե տեղյակ է կառավարության այս նախաձեռնությունից, բայց շեշտել է, որ կամավորության սկզբունքն է գործելու, այդ փաստաթուղթը պարզապես չի կարող ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի հարկադրանք ունենալ: «Ոչ մեկը չի կարող որևէ դատավորի հարկադրաբար թոշակի ուղարկել»,- ամփոփել է Ա.Գյուլումյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները