Կենսաթոշակառուների բողոքով «Հայփոստի» բաժանմունքի աշխատակազմը կփոխվի
Կենսաթոշակառուների բողոքների արդյունքում «Հայփոստ» ՓԲԸ-ի Սարի թաղի՝ 17-րդ փոստային բաժանմունքի աշխատակազմը կփոխվի: Ինչպես հիմնավորում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, փոփոխության նպատակը արատավոր երևույթին վերջ տալն է:
Խոսքը մասնավորապես վերաբերում է կենսաթոշակառուներից գումար գանձելու արատավոր սովորությանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը դիմած կենսաթոշակառույի բողոքը, որ փոստատարը, կենսաթոշակը վճարելիս, ամեն ամիս նախապես վերցնում է 200-500 դրամ, ներկայացվել էր նաև «Հայփոստ» ՓԲԸ-ին։
«Համատեղ իրականացված ստուգման արդյունքում, գտնելով բողոքի համար բավարար հիմքեր, «Հայփոստ» ՓԲԸ տնօրինությունը որոշում է ընդունել փոխել փոստային բաժանմունքի աշխատակազմը:
Նշենք, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հիմնական գործընկեր «Հայփոստ» ՓԲԸ համագործակցությունն այս ուղղությամբ շարունակական է լինելու, և ոչ մի դիմում անարձագանք չի մնալու»,-նշում են նախարարությունից։