Երեխաների ճանաչողական այցն ԱԻՆ
Նոյեմբերի 15-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը հյուրընկալել էր Երևան քաղաքի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիպման սկզբում նախարարության պատանի հյուրերին համառոտ կերպով ներկայացվեցին ԱԻՆ համակարգի ստեղծման պատմությունը, կառուցվածքն ու հիմնական գործառույթները: ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում հրահանգիչ փ/ծ մայոր Արթուր Վարդանյանը աշակերտներին ներկայացրեց ՃԿԱԿ-ի գործունեությունը: Երեխաները ծանոթացան կենտրոնի առաքելությանը, աշխատանքի հիմնական սկզբունքներին, տեխնիկական հնարավորություններին, «911» ծառայության աշխատանքներին:
Այցելության հաջորդ կետը Երևան քաղաքի թիվ 13 հրշեջ փրկարարական ջոկատի հետ հանդիպումն էր: Ջոկատի հրամանատար փ/ծ փոխգնդապետ Գեղամ Հովհաննիսյանը երեխաներին մանրամասն բացատրեց, իսկ հրշեջները գործնականորեն ծանոթացրեցին երեխաներին հրշեջ մեքենաների և շարժասանդուղքի տեխնիկական հնարավորություններին:
Աշակերտները եղան նաև Հոգեբանական աջակցության բաժնում, որտեղ փ/ծ լեյտենանտ Անի Հարությունյանը ներկայացրեց հոգեբանական կենտրոնի նշանակությունն ու դերը փրկարարական աշխատանքներում:
Ուսուցչուհի Ազնիվ Զաքարյանի և դպրոցի հոգեբան Լենա Պողոսյանի գլխավորությամբ նախարարություն այցելած աշակերտները ոգևորված էին տեսածով. «Շնորհակալ ենք, որ մեր աշակերտներին հնարավորություն ընձեռեցիք գտնվելու մի վայրում, որտեղ ոչ բոլորին է հաջողվում լինել: Շնորհակալ ենք այն բարեհամբույր և համբերատար վերաբերմունքի համար, մեր աշակերտները ականատես եղան փրկարարի դժվար աշխատանքի կազմակերպմանն ու իրագործմանը, կարծում եմ այն կնպաստի մեր աշակերտներին հետագայում մասնագիտության ընտրության հարցում»,- ընդգծեց Լենա Պողոսյանը:
Դպրոցականները հնարավորություն ստացան սեփական աչքերով տեսնել այն, ինչի մասին այդքան շատ լսել էին, ու համոզվել, որ մեր երկրում կա ծառայություն, որը միշտ պատրաստ է դժվար պահին հասնել օգնության։