«Ադեկվադ». Նախարարությունը հաստատ կափսոսի իր անփույթ աշխատանքի համար
«Ադեկվադ» միաբանությանը չի բավարարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջում խնդրահարույց հաղորդագրության վերջում ավելացրած «Լրացում»-ն ու դրա բովանադակությունը։
Միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյան-ը Panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք հստակ ասել ենք, թե ինչ պետք է անեն։ Պետք է հրապարակային հերքումով ու ներողությամբ հանդես գան»։
Հիշեցնենք, ամեն ինչ սկսեց նախարարության հրապարակած լուրից, ըստ որի պետական այդ մարմինը դիմել է Դատախազություն՝ խնդրելով ստուգել «Ադեկվադ» կուսակցության անունից ներկայացող քաղաքացիների գործողությունների իրավաչափությունը:
«Քաղաքացին այցելել է Գյումրի քաղաքում գործող երկու գիշերօթիկ հաստատություններ, ինչպես նաև՝ Բյուրեղավանում գտնվող հաստատություն, փորձել ներս մտնել և նկարահանում իրականացնել: Տնօրենը փորձել է խոչընդոտել հաստատությունում գտնվող երեխաների նկարահանմանը, քանի որ դա հակասում է երեխաների՝ անձնական տվյալների գաղտնիության սկզբունքին, ինչին ի պատասխան քաղաքացին սպառնացել է հաստատության տնօրենին, որ կհասնի նրան, որ նա այլևս չպաշտոնավարի»,-գործողությունները ներկայացրել էր նախարարությունը։
Սրան հետևել էր «Ադեկվադ»-ի արձագանքը. «Տվյալ հայտարարությունը «Ադեկվադ» միաբանությունը համարում է բանսարկություն, փնթի ու անպատասխանատու գործելաոճ, որի նպատակն է ստվերել մեր համբավն ու վարկաբեկել մեր գործունեությունը: Ըստ էության, մեր վճարած հարկերով գործող այս հիմնարկը, բուն գործունեությամբ զբաղվելու փոխարեն, դիմում է տեղեկատվական մանիպուլյացիաների, քանի որ որևէ քայլ չի ձեռնարկել տեղեկատվության իսկությունը ստուգելու ուղղությամբ: Փոխարենը նախարարությունը նախընտրեց համալրել Նիկոլ Փաշինյանի կլյաուզա ու մատնագիր գրող միավորների ցանկը: Եթե այս նախարարությունն այլ հարցերում նույն կերպ է աշխատում, ինչ և այս դեպքում՝ իր պաշտոնական հարթակից նման փնթի ապատեղեկատվություն տարածելով, կարելի է եզրակացնել, թե ինչ աղետալի վիճակում է գտնվում սոցիալական ապահովության ոլորտը:
Մենք այս դրվագը դիտարկում ենք նույն համատեքստում, ինչ և նախորդ բոլոր զրպարտանք պարունակող դրվագները, որոնցով մեզ փորձում էին ներկայացնել սևազգեստ ահաբեկիչներ, բանդա, մարդկանց փողոցում սպառնացող միավորներ և այլն: Ինչպես բոլոր այս թվարկված դրվագներում, այնպես էլ հիմա, իշխանությունը ձախողելու է:
«Ադեկվադ» միաբանությունը հայտարարում է, որ միաբանության կողմից որևէ մեկը չի այցելել Գյումրի, տվյալ քաղաքացին չի հանդիսանում միաբանության անդամ և չի գործում մեր անունից:
«Ադեկվադ» միաբանությունը պահանջում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից 24 ժամվա ընթացքում հրապարակային հերքումով հանդես գալ և ներողություն խնդրել «Ադեկվադ» միաբանությունից՝ նման փնթի կերպով մեզ անվանարկելու համար:
Մի ստիպեք մեզ կիրառել ձեր դեմ նույն գործիքակազմը, քանի որ անգամ այդ հարցում մենք շատ ավելի արդյունավետ կլինենք,քան դուք»։
Այս հայտարարությունից հետո նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության վերջում ավելացվեց լրացում. ««Ադեկվադ» կուսակցության տեղեկացմամբ, վերոնշյալ քաղաքացիները որևէ կապ չունեն կուսակցության հետ, նրանց կողմից քաղաքական այդ կուսակցության անվան շահարկումը կեղծ է»։
Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց, լրացումն իրենց չի բավարարում։
«Լրացման մեջ մեծ հաշվով խնդրին չեն անդրադարձել, չեն փորձել ներողություն խնդրել, ուղղակի մեկնաբանությունում ավելացրել են, որ «Ադեկվադ»-ը հերքել է։ Դա մենք չպետք է հերքենք, դա իրենք պետք է հերքեն։ Եթե հրապարակային հերքում կամ ներողություն չհնչի, մենք կքննարկեն մեր հետագա քայլերը՝ իրավական կլինի, թե թրոլինգի միջոցով, իրենք հաստատ կափսոսեն իրանց անփույթ աշխատանքի համար»,-ասաց «Ադեկվադ»-ի համահիմնադիրը։