Արա Վարդանյանն ազատ չարձակվեց կալանքից
Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն այսօր դատարանի որոշմամբ կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս մասին հայտարարել է Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանն իր մեջ ուժ չգտավ (ճիշտ էին, փաստորեն հուշում բազմաթիվ ընկերներս) բավարարել մեր կողմից ներկայացված բողոքն ու ազատ արձակել Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին։
Արա Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ այն պայմաններում, երբ դրա համար օրենքով նախատեսված որևէ պայման ու հիմք գոյություն չունի, երբ նա մեկ տարի ու երեք ամիս լինելով մեղադրյալի կարգավիճակում որևէ կերպ չի խախտել իր նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավի որևէ պայման։
Ինչ է սա նշանակում, սա նշանակում է, որ Արա Վարդանյանի ու հիմնադրամի նկատմամբ կա «հատուկ» ուշադրություն իշխանության կողմից, հակառակ պարագայում նման որոշումներն ուղղակի բացառված էին։
Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Արա Վարդանյանը հետապնդվում ու փաստացի պատժի է ենթարկվում իր քաղաքական ու հասարակական գործունեության համար միայն։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, քրեական հետապնդումների շղարշով իրականացվող ցանկացած քաղաքական գործընթաց հակապետական է»,-գրել է Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Արա Վարդանյանն էլ, արձագանքելով դատարանի որոշմանը, նշել է, որ այդպես կշարունակի պայքարը։
«Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպաններիս բողոքը և ես կմնամ ապօրինի կալանքի տակ: Մարդ չգիտի էլ ուրախանա, թե տխրի: Փաստորեն իմ անձը այնքան կարևոր է, որ իշխանությունները բոլոր հնարավոր ձևերով ուզում են ինձ փակի տակ պահել: Կարծես թե փորձում են պատժել ՀՀ 2-րդ և 3-րդ Նախագահներին սատար կանգնելու համար:
Է՜հ ինչ արած, կալանավորված կպայքարեմ, ես անկոտրուն եմ:
Դատավորներին ուզում եմ հիշեցնել իրենց վարչապետի բառերը .
Ոչ մի բան չի մոռացվում...»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Այս ամենի պատճառը Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է.փաստաբան
- Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել
- Արա Վարդանյան. Մեզ հասցրել են մի իրավիճակի, ուր ստիպված ես ուրախանալ աբսուրդի հասած իրողությունների վրա