Անդրանիկ Թևանյան. Ամբոխը երբեք չի կարող պետություն կառուցել
«Մեզ հիմա հավաքական «մենք»-ի լիարժեք հաղթանակ է պետք նաև ներքին կյանքում: Շատերին թվում էր, թե այդ «մենք»-ը հաղթել է 2018-ի գարնանը, սակայն կյանքը ցույց տվեց, որ դու քո «ես»-ը և ամբոխի վերածված «մենք»-ը ինքնակամ հանձնում ես պատահական մարդու, ապա ստանում ես ընդամենն էժանագին սերիալ»,- «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:
Շարունակելով խոսքը՝ նա նշեց. «Մենք ապրում ենք քաղաքական ու տնտեսական ականապատված դաշտում, այդ ականները պարբերաբար պայթում են` մեծ ու փոքր ցնցումներ առաջացնելով»:
Ա. Թևանյանի խոսքով, Հայաստանում առկա են մի շարք ճգնաժամեր՝ սեփականության, քաղաքական լեգիտիմության ճգնաժամ, մասնակցային և կոմպետենտության:
«Լուսանցքային քաղաքացին ամենահեշտ մանիպուլացվողն է ու ենթակա է ամբոխացման, իսկ ամբոխը երբեք չի կարող պետություն կառուցել, քանզի իշխանության է բերում իր արտացոլանքին՝ անբան ու անպետք մեկին: Ամբոխը հանցավոր է, ավերիչ ու հակապետական: Այդ ծառից որակյալ պտուղ չի կարող ընկնել: Ամբոխն իշխանության է բերում պատմական պատահականությունների, որոնք ոչ կոմպետենտ են, չունեն պետության զարգացման տեսլական, քաղաքականությունն իրականացնում են օրվա կուրսով: 2018-ի հայտնի քաղաքական զարգացումների արդյունքում մենք այդպիսի իշխանություն ենք ստացել և դա այն դեպքում, երբ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները բազմաթիվ ներքին ու արտաքին մարտահրավերների առջև են կանգնած, իշխանությունների որակը, մեղմ ասած, համարժեք չէ այդ մարտահրավերների բնույթին: Մեզ պետք է վայրի կապիտալիզմից անցնել մարդկային դեմքով ժողովրդական կապիտալիզմի»,- նշեց նա:
Ա. Թևանյանն ասաց, որ տնտեսական հարաբերությունները 28 տարվա ընթացքում անցել են մի քանի փուլ ու այժմ դեմ առել տնտեսական հեղափոխության լոզունգային պատին, իշխանությունը չի անում այն, ինչ խոստացել էր անել, և անում է այն, ինչը խոստացել էր վերացնել:
«Տնտեսական հեղափոխության շոշափելի արդյունքները հետաձգվել են մինչև 2050 թվականը, քանզի 31 տարվա հեռավորությունից կարելի է խուսափել ներկայի պատասխանատվությունից ու հաշվետվության պարտավորությունից:
Խոստացվել է 15 անգամ մեծացնել ՀՆԱ-ն, իհարկե, 2050-ին: Եվ դա այն դեպքում, երբ այս տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը համահունչ չէ թիրախային այդ թվին, նախորդ տարվանն էլ, հաջորդ տարվանն էլ: Ընթացիկ տնտեսական շարժը հիմնականում ապահովվում է ծառայությունների, ավելի կոնկրետ՝ շահումով խաղերի, ինչպես նաև հայտնի պատճառներով դրսից ներմուծվող ավտոմեքենաների վերավաճառքի միջոցով: Իսկ դա նշանակում է, որ հաջորդ տարի վտանգի տակ է ինչպես բյուջետային մուտքերի ապահովման հարցը, այնպես էլ համեստորն պլանավորված 4,9 տոկոսանոց տնտեսական աճը: Եթե նույնիսկ ամեն ինչ ըստ պլանի լինի, ապա միևնույն է 2050-ի դրախտային ցուցանիշներին հասնելու համար 2020-ը պաշտոնապես կորած է հայտարարվել»,- ասաց Ա. Թևանյանը:
Նրա խոսքով, տնտեսական հեղափոխության բովանդակային կողմի բացակայությունը ծնել է իր հերոսներին. «Ըստ ամենավերևից եկող մեսիջների՝ այդ հերոսներն են ՀԴՄ կտրոն պահանջող, ոչխար պահող և մոշ հավաքող հպարտ քաղաքացիները: Ամեն ամիս մեծ ցնծությամբ հայտարարվում է, թե որքան ՀԴՄ կտրոն է տպվել: ՀԴՄ-ներ պահանջելը Ստախանովյան շարժման պես է ներկայացվում: Սա, ի դեպ, առանց կատակի: Այլ մեսիջ իշխանությունը տնտեսական քաղաքականության առումով չի տվել։ Իսկ ինչ էլ որ տվել է, հակառակ պատկերն է ապահովել»:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Հակոբյան.ՍԴ-ն միակ տեղն է մնացել, որը պայքարում է դատական համակարգն անկախ պահելու նպատակով
- Դավիթ Շահնազարյան. ԼՂ բանակցային գործընթացը փակուղում է, պատասխանատուն մենք ենք
- Վազգեն Մանուկյան. Կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարություններով ու ասֆալտին փռելով չէ
- Վազգեն Մանուկյան. «Վերնատուն» ակումբը պատկանում է բոլորին
- Աղվան Վարդանյան. ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները փակուղում գտվելը կարող է մեծացնի պատերազմի վտանգը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները