Դավիթ Շահնազարյան. ԼՂ բանակցային գործընթացը փակուղում է, պատասխանատուն մենք ենք
«Մեզ բոլորիս այստեղ հավաքել է տագնապի աստիճանի հասնող մտահոգությունը, որովհետև մենք գտնվում ենք մեր պետության զարգացման հավանաբար ամենավտանգավոր փուլում»,- «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
Նա խոսքով, նախկին, ավանդական դարձած վտանգներին, սպառնալիքներին, որոնք վերջին 1-2 տարում սրվել են, ավելացել են արտաքին քաղաքական, տարածաշրջանային, նոր որակի վտանգներ:
Դ. Շահնազարյանը, մասնավորապես, անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին:
«Ներկայիս իշխանությունները բազմաթիվ իրարամերժ հայտարարություններով են հադես եկել այդ հակամարտության նկատմամբ իրենց տեսակետի վերաբերյալ, բայց ես մեկն եմ ուզում առանձնացնել: Ներկայիս իշխանությունը բանակցային գործընթացը ոչ թե շարունակում է այն կետից, ուր հասել էինք մինչև 2018 թվականի մայիս ամիսը, այլ նոր և իր կետից է սկսում: Ո՞րն է այդ նոր կետը: Առաջինն այն է, որ ներկայիս իշխանություններն ընդհանրապես չեն ուզում խոսել ինքնորոշումից: Եվ եթե ինչ-որ ելույթում դա ասվում է, անմիջապես համեմվում է այնպիսի գնահատականներով, որոնք էապես հակասում են հենց ինքնորոշմանը:
Ակնհայտ է, որ բանակցային գործընթացն իշխանությունների կողմից արտահայտված իրարամերժ հայտարարությունների և դիրքորոշումների միջոցով տարվել է փակուղի:
Ամենավառ ապացույցն է՝ Բաքուն ասում է, որ կա փաստաթուղթ, Հայաստանն ասում է՝ չկա: Այդ փակուղային վիճակի պատասխանատուն մենք ենք, որովհետև էապես փոխվել է իրավիճակը, որ կար: Հիմա արդեն միջազգային հանրությունն ու Ադրբեջանն են մի դիրքում, իսկ Հայաստանը՝ մեկ այլ դիրքում: Սա մեծագույն վտանգ է մեզ համար: Ադրբեջանը ստացել է արդեն լուրջ փաստարկներ արդարացնելու իր հարձակողական ապագա գործողությունները», - ասաց Դ. Շահնազարյանը:
Նա նշեց, որ այսպես շարունակվելու դեպքում միջազգային որևէ համաժողովում սեղանին կդրվի մի փաստաթուղթ, որը հայկական կողմի համար անընդունելի է, և առավելագույնը, որ այդ դեպքում Հայաստանը կկարողանա անել, վետո դնել: Դ. Շահնազարյանը քիչ հավանական համարեց, բայց չբացառեց, որ առաջիկայում ԵԱՀԿ նախագահական գագաթաժողովում գուցե նման փորձ կատարվի:
«Ինքնորոշման սկզբունքը պետք է լինի հիմքում, ինչպես եղել է հակամարտության ողջ ընթացքում: Պետք է բացառել այդ սկզբունքին ոչ միայն հակասող, այլ ստվեր գցող որևէ հայտարարություն, օրինակ՝ պոպուլիստական՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ինչ որ հանրաքվեներ պետք է լինեն: Արցախն իր հանրաքվեն արդեն արել է, իր որոշումն ընդունել է:
Կարևորագույն խնդիր է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց սկսի: Սա պետք է համարենք համահայկական խնդիր:
Պետք է բացառել բանակցային սեղանին որևէ փաստաթղթի քննարկում, որում ամրագրված չէ, որ Արցախի Հանրապետությունը դառնալու է միջազգային իրավունքի սուբյեկտ», - ասաց Դավիթ Շահնազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյան. Կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարություններով ու ասֆալտին փռելով չէ
- Վազգեն Մանուկյան. «Վերնատուն» ակումբը պատկանում է բոլորին
- Աղվան Վարդանյան. ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները փակուղում գտվելը կարող է մեծացնի պատերազմի վտանգը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին