Սաֆրաստյան․ Հերթական անգամ գործարք տեղի ունեցավ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև, որից տուժում է հայ ժողովուրդը
Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ճակատագիրը որոշվեց Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև անդրկուլիսյան բանակցությունների արդյունքում, որի գագաթնակետը եղավ Սպիտակ տանը Թրամփ-Էրդողան հանդիպումը, որին ներկա էր նաև ԱՄՆ սենատոր Լինդսի Գրահամը, որն էլ հենց այս հանդիպումից հետո գնացել ու վետո է կիրառել բանաձևի նկատմամբ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
«Լինդսի Գրահամը հայտնի է որպես նախագահ Թրամփի մտերիմ սենատոր։ Հերթական անգամ գործարք տեղի ունեցավ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև, որն էլ խոչընդոտեց պատմական արդարության ու բարոյականության վրա հիմնված բանաձևի հետագա ընթացքը։ Այս գործարքից տուժում է հայ ժողովուրդը, մեր ազգային խնդիրները և այն ազգային փոքրամասնությունները, որոնք առնչվում են Թուրքիայի հետ»,-ասաց Սաֆրաստյանը։
Գործարքը, ըստ բանախոսի, առաջին հերթին վերաբերում է ներկայումս թուրք-ամերիկյան հարաբերություններում ամենաթեժ խնդրին՝ ռուսական հակաօդային համակարգերի գնմանն ու տեղակայմանը Թուրքիայի կողմից, որը կողմերը որոշել են մի կողմ դնել, որ իրենց ներկայացուցիչները լուծում գտնեն։
Սաֆրաստյանը նշում է, որ պետք է ջանքեր գործադրել, որ սենատոր Լինդսի Գրահամը գոնե հետ վերցնի իր վետոն և եթե դեմ է՝ ուղղակի դեմ քվեարկի, քանի որ եթե վետո է կիրառվում, ապա հարցը չի կարող մտնել օրակարգ։
Հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը սկզբունքորեն համաձայն են Թուրքիային վաճառել Պատրիոտ համակարգերը, ինչը նշանակում է, որ որոշակի փոփոխություն է եղել ամերիկյան կողմի մոտեցումներում։ Երկրորդ հարցը, ըստ Սաֆրաստյանի, կապված է քրդերի ու այն էլ՝ նավթի գործոնի հետ։
«Ամերիկացիները շարունակելու են իրենց ձեռքում պահել նավթի հանքերը, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում՝ հիմնականում Եփրատից դեպի արևելք, որոնք բնակեցված են քրդերով։ Ըստ մոտավոր հաշվարկների ամսական ԱՄՆ-ը 30մլն դոլարի օգուտ են ստանում, որի շահույթը, ինչպես ամերիկացիներն են հայտարարում, գնում է քրդերին օգնելուն։ Նավթը դուրս է բերվում ու վաճառվում, ենթադրաբար, Թուրքիայի տարածքով։ Այստեղ նավթի խնդիրն է, բայց կա նաև քրդական խնդիրը․ թուրքերն ու ամերիկացիները, հավանական է, եկել են այն համաձայնության, որ պետք է քրդերին հեռացնել թուրք-սիրիական սահմանից և կենտրոնացնել այն տարածքներում, որտեղ գտնվում են հանքերը, ինչին կողմ են ամերիկացիները, քանի որ հետագայում, երբ սկսվի Սիրիայում իրական կարգավորման գործընթացը, այստեղ քրդերի հիման վրա հենվելով, ստեղծել ինչ-որ կվազի ինքնավար անկախ միավոր ու կգտնվի ամերիկացիների հսկողության տակ»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը, հավելելով, որ սրանք են այն խնդիրները, որ եղել է բանակցությունների սեղանին ու համաձայնության են եկել։
Թուրք-ամերիկյան հարաբերություններում այս նոր սերտացման փուլը, ըստ բանախոսի, ստանում է նաև ՆԱՏՕ-ի հավանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի
- ԱՄՆ սենատորը «բացատրել է»՝ ինչո՞ւ է վետո դրել Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին
- ԱՄՆ Սենատը չի ընդունի Հայաստանի բանաձևը. Էրդողան
- Սենատոր Լինդսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ.Սուրեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան