2020 թ-ին ռազմարդյունաբերության ոլորտում հատկացումներն ավելացել են 22%-ով. նախարար
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մտադիր է Հայաստանը ապրելու և աշխատելու համար ցանկալի վայր դարձնել տաղանդավոր ինժեներների, ծրագրավորողների, նորարարների, գիտահետազոտողների համար։ Այս մասին այսօր խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նախարարի խոսքով՝ այդ նպատակներին հասնելու համար մշակվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերության զարգացման և թվայնացման 2020-2025 թթ-ի ռազմավարությունը, որը շուտով կհանձնվի հանրության դատին։ Այն, ըստ նրա, արդեն իսկ շրջանառության մեջ է։
Հակոբ Արշակյանը նշեց նաև, որ Կառավարության առաջնահերթությունն է՝ Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ռազմարադյունաբերական արտադրող և արտահանող երկիր։ Այդ նպատակով 2020 թ. պետական բյուջեով նախատեսված է նախարարությանը տրամադրել 12.5 մլրդ դրամ։
Անդրադառնալով ռազմաարդյունաբերությանը՝ Հակոբ Արշակյանն ասաց, որ 2020 թ. պետական բյուջեի նախագծով ռազմաարդյունաբերության ոլորտում հատկացումները նախորդ տարվա համեմատ ավելացել են շուրջ 122%-ով՝ հասնելով շուրջ 6.3 մլրդ դրամի։ Այդ միջոցների մի մասն, ըստ նախարարի, ուղղվելու են գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, մյուս մասն՝ արտադրական կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանական կարիքները և հայկական արտադրանքներով արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունները։
Հաշվի առնելով ամբողջ աշխարհում տեխնոլոգիական սրընթաց զարգացումները՝ Հակոբ Արշակյանն ասաց, որ 2020 թ-ին Կառավարությունը նորարարությունները ֆինանսավորելու համար էլ նախարարությանը կհատկացնի 1 մլրդ դրամ։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ գլխավոր քարտուղար. Պաշտպանական համակարգին հատկացվող միջոցները սոցիալ-առողջապահական ոլորտների ռեսուրսներն են
- 2020թ-ին պաշտպանության ոլորտի ծախսերը կավելանան 25,3%-ով. վարչապետ