2020 թվականի պետական բյուջեի «ոչ պոպուլիստական» լուծումներն ու առաջնահերթությունները
«2020 թվականի պետական բյուջեն հավասարակշռված աճ է նախատեսում։ Այս պետական բյուջեում մենք խիստ պոպուլիստական լուծումների չենք գնացել»: Այս մասին այսօր ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով, այս բյուջեով պաշտպանվում է պետության սոցիալականությունը. «Այս պետական բյուջեով նախատեսված է, որ Հայաստանի ավելի քան 560 հազար կենսաթոշակառուների թոշակը գրեթե 10%-ով կավելանա։ Եվ հիշեցնեմ, որ այս տարվա հունվարից ուժի մեջ էր մտել և գործում էր այն դրույթը, որն նվազագույն կենսաթոշակը 16 հազարից մենք բարձրացրել ենք՝ դարձնելով 25 500 դրամ։ Այս բյուջեով պետական և հանրային համակարգում նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 23% աճ»։
Պատգամավորը նշեց, որ 2020 թվականի պետական բյուջեով հսկայական ռեսուրսներ են հատկացվելու մարդկային կապիտալի զարգացմանը. «Մարդկային կապիտալ ասելով՝ ես առաջին հերթին նկատի ունեմ առողջապահության, կրթության, գիտության ոլորտում հսկայական միջոցների ներդրումը։ Եթե 2019 թվականի բյուջեով առողջապահական ոլորտի ծախսերը ավելացել էին և հասել գրեթե 92 միլիարդ դրամի, ապա այս բյուջեով դրանք ավելացել են՝ հասնելով 111 միլիարդ դրամի»:
2020 թվականին, Պապոյանի խոսքով, 2019-ից 2 անգամ ավելի շատ՝ ավելի քան 500 կմ ճանապարհ է կառուցվելու կամ վերանորոգվելու։
Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ Պապոյանը նշեց, որ բազում ծրագրեր կան, բայց ներկայացրեց դրանցից մեկը. «Գյուղապահովագրության ոլորտում պետությունը նոր գործընթաց է սկսել և մի քանի մարզերում պետությունը քաղաքացիների փոխարեն կվճարի ապահովագրական վճարների գումարը։ Այդ նպատակով պետությունն այս տարի հատկացնելու է 600 միլիոն դրամ»։