«Իրատես». Հպարտ քաղաքացուց մինչև «ծիծակ» կոշիկ հագնող 1,5 տարի է
«Իրատես» թերթը գրում է. «Հասարակությունը երկու մասի բաժանելու իշխանության քաղաքականությունը շարունակվում է։ Սև-սպիտակ, հին-նոր, հեղափոխական-հակահեղափոխական տարանջատումներին ավելացավ հերթական եզրույթը՝ սակավագետներ և լայնամիտներ, այն է՝ ժամանակակիցներ և հետամնացներ։ Այս «փայլուն գաղափարը» ծնվեց թեժ քննարկումների առիթ տված «Մել» ֆիլմին հերթական անդրադարձի ժամանակ։ ԱԺ-ում այս շաբաթ սեռափոխի մասին ֆիլմի թեման շատ հետաքրքիր զարգացում ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը, առանց դես-դեն ընկնելու, հայտարարեց. «Մելն իմ անձնական պաշտպանության ներքո է»։ Սա նրա դիրքորոշումն է և համոզմունքը, որին կարելի է համաձայնել կամ ոչ։ Չխորանալով այս թեմայի մեջ (խորացողների պակաս այս օրերին հաստատապես չկա)՝ ընդամենը մեկ դիտարկում:
Շատ տարօրինակ է, որ իրեն ժողովրդավար համարող իշխանության ղեկավարն իր կարծիքին հակադրվող մարդկանց համարում է հետամնացներ, սակավագետներ կամ «ծիծակ կոշիկներ» հագնողներ։ Սա նշանակում է, որ լայնամիտ կարող են լինել միայն նրանք, ովքեր կո՞ղմ են սեռափոխ մարդու մասին ֆիլմին, իսկ դրան դեմ քաղաքացիները հետամնաց են կամ խավարամիտնե՞ր։ Սա դասական օրինակ է, թե ինչպես կարելի է հոգեբանական ճնշում գործադրել հասարակության այն հատվածի վրա, որն իշխանության պատկերացումներին համաձայն չէ։ Ոչ մեկի անձնական կյանքը չփորփրող, հակաիշխանական ոչ մի ակցիայի չմասնակցող, ավանդական կողմնորոշումների տեր քաղաքացին, որ ընտանիք ասելով հասկանում է տարբեր սեռերի միջև միությունը, ժամանակակից չէ՞, հետամնա՞ց է, սակավ գիտա՞կ։ Սա՞ է ասում Փաշինյանը։ Իսկ ո՞վ է նրան իրավունք տվել իր «լայնամտությամբ» բռնանալու մյուսների կարծիքի վրա, ավելին, «ծիծակ» կոշիկ հագնողներն ինչու՞ նրա պաշտպանության ներքո չեն։ Մեկուկես տարի առաջ նրանք «հպարտ քաղաքացի» էին, 3 մլն վարչապետներից մեկն էին, այդ ինչպե՞ս այս կարճ ժամանակահատվածում դարձան հետամնացներ։ Այս արհեստական բաժանումներով մինչև ու՞ր ենք հասնելու։
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ իշխանության գործառույթը ոչ թե իր կարծիքը միակ ճշմարիտը համարելն ու այն ամեն գնով մարդկանց վզին փաթաթելն է, այլ ընդդիմախոսներին լսելու ունակությունը՝ առանց դիմացինին վիրավորելու և պիտակավորելու։ Ինչը, սակայն, մեր պարագայում երազանքի ոլորտից է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։