Մնացել են 3 հոգի, որոնց ձերբակալությունը կարող է խլացնել հանրային դժգոհությունը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Ակնհայտ է, որ իշխանության գործերը լավ չեն։ Նրա գլխավերևում դամոկլյան թրի պես կախված են հարցեր, որոնք նա չի ցանկանում և չի կարողանում լուծել, բայց որոնց հրատապությունը չի նվազում։ Պարզ է, որ ի վերջո մի օր Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ պատասխանի այդ հարցերին։ Օրինակ՝ հիմա Ամուլսարն աշխատելո՞ւ է, թե՞ ոչ, և ինչո՞ւ չի աշխատում։ Փորձաքննության փորձաքննություն, նոր ՇՄԱԳ, նոր քրեական գործ․ այդ ամենից բոլորը հոգնել են, բայց հստակություն չկա։ Ի վերջո, գործադիրի ղեկավարից սպասում են հստակ պատասխան՝ այո կամ ոչ։
Հստակ պատասխան են ակնկալում Ստամբուլյան կոնվենցիայի ճակատագրի հետ կապված՝ վավերացնո՞ւմ եք, թե՞ ոչ։
Սրան գումարվում է քաղաքական թիմին պահելու հրամայականը, և այստեղ արդեն երկրորդական է՝ Արայիկ Հարությունյանը ճի՞շտ է, թե՞ սխալ՝ Արայիկին պետք է պահել ատամներով։ Նա ամենահին ու հավատարիմ զինակիցն է։ Ու կարևոր չէ, թե քանի ակադեմիկոս, պրոֆեսոր կամ ուսանող է դեմ ազգային առարկաները հանելուն։ Եթե անգամ վերանանք Մելի սեռափոխության թեմայից և կենտրոնանանք նրա սպորտային անցյալի վրա, ապա հարց է առաջանում՝ ախր, նա դոպինգի սկանդալի կիզակետում է եղել, նրանից վերցրել են բոլոր մեդալները, նրա պատճառով Հայաստանի կանանց հավաքականը կարող է զրկվել 2020-ի օլիմպիական խաղերին մասնակցելուց։ Այսինքն՝ ֆիլմ մի մարզիկի մասին, որն անազնիվ է եղել իր կարիերայում և վնասել է երկրի հավաքականի, մյուս մարզիկների կարիերան։ Սրանք հարցեր են, որոնք կապ չունեն իշխանության ընդունած որոշումների հետ։ Որովհետև այստեղ գլխավորը դա չէ, այլ այն, որ իշխանությունը պետք է անի այն, ինչ ուզում է։ Ու երբ հանդիպում է դիմադրության, պետք է կոտրի այդ դիմադրությունը։ Եվ եթե տեսնում է, որ վատ PR է իր համար, պետք է ավելի ազդեցիկ PR քայլ մտածի։
Այդ քայլերից ամենափորձվածն ու ավանդականը նոր անձի ձերբակալությունն է։ Աղմկոտ ձերբակալության թեկնածուների ցանկը մեծ չէ։ Ըստ իս՝ 3 հոգի, որոնց ձերբակալությունը կարող է խլացնել հանրային դժգոհությունը՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և Միքայել Մինասյան։ Նրանց ժամանակին ծրագրել են ձերբակալել, բայց այս կամ այն պատճառով հետաձգել են։ Հիմա կարծես պահը հասունացել է։ Տեսնենք, թե ցանկից ում կընտրեն»։