«Հրապարակ». Ֆրակցիայի ղեկավարն ԱՄՆ-ում լուրջ «վոյաժների» մեջ է և անգամ գրություն չի թողել՝ կարևոր օրինագծերին իր ձայնը տալու մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այն պահին, երբ ԱԺ-ում լրջագույն հարցեր են քննարկվում, ֆրակցիայի ղեկավարն ԱՄՆ-ում լուրջ «վոյաժների» մեջ է և անգամ գրություն չի թողել՝ կարևոր օրինագծերին իր ձայնը տալու մասին։
Ձեզ համար ծանր չէ՞ պատասխանատվություն կրել 88 պատգամավորի քվեարկության, օրինագծի տապալման համար՝ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանին։ «Ոչ, դժվար չէ»: Ի՞նչ է կատարվում ֆրակցիայում. նախորդ օրը քաշքշոց էր, հաջորդ օրը Միրզոյանի օրինագիծը տապալվեց։ «Խմբակցությունում ո՛չ քաշքշոց է եղել, ո՛չ էլ այլ բան… Ինչ վերաբերում է օրենքի ուժով ԱԽ անդամ դառնալու օրենքի նախագծի քվեարկությանը, ապա շատ պարզ պատճառով այն չընդունվեց՝ չքվեարկածների մի մասը գործուղման մեջ էր, մնացածները փոքր-ինչ ուշացել էին»:
Ձեզ չի՞ անհանգստացնում այն, որ նման տապալում կարող եք ունենալ նաև բյուջեի քվեարկության ժամանակ, մանավանդ որ ԲՀԿ-ն արդեն ասել է, որ դեմ է քվեարկելու։ «Ոչ, չի անհանգստացնում. մենք որևէ բան չենք տապալել, ես, իհարկե, հասկանում եմ, որ լրագրողները ցանկանում են մի փոքր դրվագից շատ մեծ աղմուկ բարձրացնել, սակայն այդպես չէ»:
Այնքան էլ փոքր դրվագ չէր, ստացվում է, որ մեծամասնություն չկա խորհրդարանում։ «Մեկնաբանության հարց է՝ որևէ ֆիասկո չկա»: «Նախկինում» նման տապալում երբեք չի եղել՝ «նախկինները» շատ կազմակերպված էին նման հարցերում։ «Նախկինում Հայաստանն այլ տրամաբանության մեջ էր, հիմա օրինական տրամաբանության մեջ է»: Բայց կարծիք կա, որ ձեզ մոտ չեք կարողանում կազմակերպել թիմային աշխատանքը։ «Ամեն ինչ էլ կարողանում ենք, մենք ոչ մի խնդիր չունենք»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։