ԱՄՆ-ը Եգիպտոսին սպառնում է պատժամիջոցներով
Պենտագոնը և Պետդեպարտամենտը համատեղ նամակում Եգիպտոսի իշխանություններին սպառնում են պատժամիջոցներ կիրառել, եթե վերջինս ձեռք բերի ռուսական Су-35 կործանիչներ։ Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում տալով «The Wall Street Journal»-ին։
Ըստ աղբյուրի՝ նամակում պետքարտուղար Մայք Պոմպեոն և Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Եգիպտոսի պաշտպանության նախարարին հորդորել են չեղարկել Ռուսաստանի հետ գործարքը:
«Պենտագոնի պաշտոնյաները անձամբ նախազգուշացրել են Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ղեկավարին գործարքի անցանկալի հետևանքների մասին»,- ասվում է նյութում:
Պարբերականը նշում է, որ Վաշինգտոնից ստացված ազդանշանը համընկնում էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից Կահիրե կատարած այցի հետ:
Նշվում է՝ այն փաստը, որ Ռուսաստանը և Եգիպտոսը պայմանագիր են կնքել Су-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ, դեռևս ապրիլին հաղորդել է «Կոմերսանտ» -ը, բայց դա պաշտոնապես չի հաստատվել:
Աղբյուրը նշում է, որ համաձայնագիրը, որը ենթադրում է ավելի քան երկու տասնյակ մեքենա և ՀՕՊ զենքի մատակարարում, ուժի մեջ է մտել 2018-ի վերջին: Պայմանագրի գումարը մոտ երկու միլիարդ դոլար է, առաքումները կարող են սկսվել 2020-2021 թվականներին: