Սա բյուջե է նախկին արատավոր համամասնությունների պահպանման մասին. Արման Բաբաջանյան
«2020 թվականի պետական բյուջեն ոչ շատ հոռետեսական է, և ոչ էլ՝ լավատեսական, առավել ևս հեղափոխական չէ, ինչպես ներկայացնում են իշխանության շատ ամդամներ»,- Ազգային ժողովի նիստում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Նա ցավով է արձանագրում, որ բյուջեի այն նախագիծն իր մեջ մեծապես կրում է իներցիայի շունչը։
«Բազմաթիվ հոդվածներով ու ուղղություններով ֆինանսավորումն ընդամենը նպատակ ունի ապահովելու նախկին իներցիայի շարունակականությունը։ Նախագծում չկան հավակնոտ ծրագրեր, արմատական, համակարգային բարեփոխումներ, ընդհանուր առմամբ չկա ստեղծարարություն և նորարարություն։ Մեզ ներկայացվել է մի փաստաթուղթ ոչ թե արմատական, համակարգային բարեփոխումների, այլ ընթացիկ, օպերատիվ կառավարման մասին։ Սա բյուջե է ոչ թե տնտեսական համամասնությունների փոփոխության, այլ նախկին արատավոր համամասնությունների պահպանման մասին, այն դեպքում, երբ Հայաստանի հասարակությունը 2018 թվականի թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած ուժին հենց արմատական, համակարգային բարեփոխումներ իրականացնելու քարտ-բլանշ է տվել»,- նշեց Բաբաջանյանը։
Պատգամավորը բյուջեի նախագծում առանձնացրեց երկու ուղղություն՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն։
«Ինչպես բազմաթիվ առիթներ եմ ունեցել նշելու, անվտանգությունը միայն զինված ուժերը չեն, որոնց ֆինանսավորման ուղղությամբ ի դեպ, մենք եկող տարի ավելացում ունենք 1 տոկոսից պակաս չափով։ Անվտանգությունը հավասարապես արտաքին քաղաքականությունն է, այնպիսի միջավայրի ձևավորումը, որը Հայաստանի ու հավասարապես Արցախի անվտանգությունը կշաղկապի միջազգային անվտանգության համակարգին այնպես, որ մեր անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն առնվազն անուղղակիորեն ոտնձգություն կհամարվի միջազգային անվտանգության համակրգի դեմ»։
Նրա խոսքով՝ շատ լավ է, որ պատրաստվում են հիմնել չորս նոր դիվանագիտական ներկայացուցչություն, բայց դեսպանատների քանակի զուտ մեխանիկական ավելացումն արտաքին քաղաքականության ակտիվության ուղղակի ցուցիչ չէ։
«ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններն ինչպես անցյալում, ցավոք սրտի, շարունակում են մնալ Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն ու ԱՊՀ-ն, այսինքն հետադիմությունն ու ռեգրեսիան»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- 2020 թվականի պետական բյուջեի «ոչ պոպուլիստական» լուծումներն ու առաջնահերթությունները
- Կառավարության ծրագրի բազմաթիվ կարևոր դրույթներ որևէ արտացոլանք չեն գտել բյուջեի նախագծում. Թանդիլյան
- Էկոնոմիկայի նախարարությանը 2020-ի բյուջեի նախագծով ավելի շատ գումար կհատկացվի
- Ավարտվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները
- Առողջապահության ոլորտի բյուջեն 2020 թ-ին կաճի 21.7%-ով
- ԿԳՄՍ նախարարությանը 2020 թվականի բյուջեով կհատկացվի 179,5 մլրդ դրամ
- 10 մլն ծառ է տնկվելու, բայց որևէ ծրագրում չգտա դրա արտացոլումը. Մանե Թանդիլյանը՝ Էրիկ Գրիգորյանին