Բյուջեն ընդամենը ծախսերի ու եկամուտների դավթար չէ. Թունյան
«Քանի որ 12-13 տարի տնտեսական լրագրության մեջ աշխատել եմ, շատ լավ գիտեմ, թե ինչպես կարելի է նույն վիճակագրական զեկույցը ներկայացնել համ դրական լույսի տակ, համ բացասական, նայած դու ինչ ես ուզում այդ պահին ցույց տալ»,- խորհրդարանում 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ իր ելությում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նա նշեց, որ ընդդիմադիր իր գործընկերները միայն բացասական լույսի ներքո ներկայացրեցին վերջին մեկ-երկու տարվա զարգացումները։
Ապա Թունյանը ներկայացրեց դրական կողմից՝ գրաֆիկ ցույց տալով համախառն ներքին արդյունքի և բյուջեի եկամուտների աճերը։ Իշխանական պատգամավորն ասաց, որ այդպիսով, եթե ցանկանան իրար թվերով ինչ-որ բաներ ապացուցել, ապա շատ այդպիսի թվեր կարելի է գտնել։
«2020 թվականի պետական բյուջեի եկամուտները 2019 թվականի համեմատ աճել են 14 տոկոսով, 19 թվականին՝ 18-ի համեմատ, 12,3 տոկոսով էր աճել։ Եթե հիմա փորձենք թվեր գտնել մեկս մյուսիս ինչ-որ բան ապացուցելու համար, համոզված եղեք, որ այս տիպի դրական ցունացիշներ անվերջ կարելի է գտնել»,- ասաց Թունյանը։
Նրա խոսքով՝ բյուջեն ընդամենը ծախսերի ու եկամուտների դավթար չէ. «Երբ մեր ընկերները, գործընկերները խոսում էին, ես ուշադրություն դարձրեցի, որ հիմնականում էլի թվերի վրա էր խոսքը գնում, այսինչ ոլորտի ֆինանսավորման կամ թերֆինանսավորման հետ կապված, ուզում եմ ասել, որ որևէ ոլորտի ֆինանսավորման ավելացում կամ նվազեցումը չի նշանակում անպայման, որ այդ ոլորտի նկատմամբ ուշադրությունն ավելացել է կամ նվազել է։ Օրինակ, եթե պայմանականորեն ասենք կրթության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է, դա չի նշանակում որ ունենալու ենք շատ ավելի լավ կրթություն»։
Թունյանն ասաց, որ՝ բյուջեն մեծ հաշվով առք ու վաճառքի, գործարքի մասին մի փաստաթուղթ է. «Մի կողմից կա վճարող՝ հարկատուները, մյուս կողմից կա վաճառող՝ պետությունը։ Պետությունը ստանում է հարկեր ու դրա դիմաց վաճառում է հանրային բարիքներ։ Եթե մենք նայում ենք այն տեսանկյունից, թե նույն գումարի դիմաց ինչքան հանրային բարիք է մատակարարվել, ինչ որակով, ինչ ծավալով, ապա կարող ենք ասել, որ բյուջեն մի քանի քայլ առաջ է»։
Հարակից հրապարակումներ`
- «Եթե չհաջողենք ծրագիրը, կարող եք մեղադրել». նախարարն արձագանքում է պատգամավորին
- 2020 թ-ին ռազմարդյունաբերության ոլորտում հատկացումներն ավելացել են 22%-ով. նախարար
- «Ճաշակի հարց է». բյուջեի նախագծի հեղափոխական լինել-չլինելու մասին
- Այս բյուջեն չունի հնարավորություն՝ կատարելու տնտեսական հեղափոխություն. պատգամավոր
- Սա բյուջե է նախկին արատավոր համամասնությունների պահպանման մասին. Արման Բաբաջանյան
- 2020 թվականի պետական բյուջեի «ոչ պոպուլիստական» լուծումներն ու առաջնահերթությունները
- Կառավարության ծրագրի բազմաթիվ կարևոր դրույթներ որևէ արտացոլանք չեն գտել բյուջեի նախագծում. Թանդիլյան