Գրիգորի Սահակյան. Բարի ցանկություններով պետություն չեն կառուցում
Panorama.am-ի զրուցակիցն է պահեստազորի գնդապետ, մարտական խաչ 1-ին աստիճանի ասպետ Գրիգորի Սահակյանը:
Գրիգորի Սահակյանը 27 տարի ծառայել է Արցախի պաշտպանության բանակում, տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրել՝ դասակի հրամանատարից՝ դիվիզիայի հրետանու շտաբի պետ, հրետանային բրիգադի հրամանատար: 2016 թվականին, նրա ղեկավարած զորամասը մեծ մասնակցություն է ունեցել կենտրոնական ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացումը կանխելու և սահմանագծին մոտեցող շարասյունները ոչնչացնելու հարցում: Այս տարի Սահակյանը երկարամյա զինվորական թոշակի անցնելու կապակցությամբ տեղափոխվել է պահեստազոր և առաջին քայլերն է անում քաղաքական դաշտում: Առաջին քայլը Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններն էր, որտեղ վերջինս 5 թեկնածուների մեջ երկրորդ տեղը զբաղեցրեց՝ մոտ 5 հազար ձայնով, որը բավականին լավ արդյունք էր: Առաջիկայում նա մի խումբ համախոհների հետ հիմնում է Վստահություն կուսակցությունը, որի համագումարը նոյեմբերի 17-ին է:
-Պարոն Սահակյան, Արցախում մի փոքր դժվարանում եմ ասել, սակայն Հայաստանում ձեզ սկսեցին ավելի շատ ճանաչել ապրիլյան մարտական գործողությունների օրերին, երբ ձեր զորամասը պատվով կատարեց իր առջև դրված մարտական խնդիրը: Եթե շատ կարճ ձևակերպեք՝ ի՞նչ հաջողվեց և ինչ չհաջողվեց մեզ պատերազմում:
Գրիգորի Սահակյան.- Պաշտպանության բանակին հաջողվեց կանխել թշնամու գլխավոր խնդիրը՝ Արցախի հարցը կարգավորել ռազմական ճանապարհով: Ի պատիվ մեր պատվախնդիր զինծառայողների, մեր մարտական խնդիրը լուծեցինք: Ի՞նչ չհաջողվեց մեզ: Իրականում այս հարցին խորքային անդրադարձի կարիք կա, սակայն եթե կարճ պատասխանեմ, ապա մեզ չհաջողվեց մեր խնդիրը կատարել առանց կորուստների, ունեցանք ցավալի զոհեր: Մենք գիտակցում ենք, որ այդպիսին է պատերազմը՝ առանց զոհերի, վիրավորների, ավերածությունների չի լինում, այնուամենայնիվ, հուզական մասը գերիշխող է, որովհետև ընկերներ ենք կորցրել:
Panorama.am.- Կարծում եմ տեղյակ եք, որ ՀՀ խորհրդարանում ապրիլյան պատերազմը հետաքննող հանձնաժողով է ստեղծվել: Որպես մասնակից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
Գրիգորի Սահակյան.- Անկեղծ ասած այդ հանձնաժողովի աշխատանքների մանրամասներին չեմ տիրապետում, չեմ էլ ուզում կանխատեսել, թե ինչ զեկույց կհրապարակվի, բայց լսել եմ ու վերջերս նաև մամուլից տեղեկացա, որ մեր շատ զինակից ընկերներ այդ հանձնաժողովի հետ կապված դժգոհություններ ունեն: Մարդիկ, ովքեր կյանքի դժվար դրվագներ են ապրել, այլևս չեն ցանկանում մի անգամ էլ վերապրեն, մանավանդ, որ սկզբունքային առումով, ամեն ինչ պարզ է՝ ինչ է եղել, ոնց ենք հետ մղել ու ջախջախել հակառակորդին և ինչ խնդիրներ ենք ունեցել: Էլ չեմ ասում, որ վիրավորական է զինվորականներիս համար, երբ որոշ շրջանակներ փորձում են քննարկման դնել պայմանավորված պատերազմ հասկացությունը: Կրկնում եմ՝ դա բոլորիս համար վիրավորական է ու ուրախ եմ, որ այսպես է մտածում նաև Հայաստանի պաշտպանության նախարարը, ով մի քանի առիթներով այս մասին խոսել է: Ապրիլյան պատերազմից հետո մենք հնարավորություն ունեցել ենք յուրաքանչյուրս մեր մասով, իսկ զինված ուժերը ընդհանուր՝ վերլուծելու պատերազմի բոլոր դրվագները, մեր բացթողումներն ու առավելությունները: Պետք է դասեր քաղել այդ ամենից ու շարժվել առաջ:
Panorama.am.- Պարոն Սահակյան, ապրիլյան պատերազմից 3 տարի է անցել, սակայն բանակցային առումով կարծես դոփում ենք նույն տեղում: Որպես զինվորական ու որպես արդեն քաղաքական գործիչ գործընթացի խաղաղ հանգուցալուծման միտումներ նկատում ե՞ք:
Գրիգորի Սահակյան.- Իմ համար նկատելի է, որ Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել, կարծես թե ոչ մի շանս չի թողնում խնդրի խաղաղ կարգավորման համար: Չէի ասի, որ բոլոր հնարավորությունները սպառվել են, սակայն Ադրբեջանի քայլերը միայն վատատեսություն են ներշնչում:
Panorama.am.- Արցախի ու Հայաստանի դիրքորոշումների մասին՝ արդյոք Արցախի հարցում դրանք տարբեր են: Եթե այո, արդյոք Արցախն ունի այնքան դիվանագիտական ռեսուրս, որ կարողանա իրավիճակը իր օգտին պտտել:
Գրիգորի Սահակյան.- Պետք է լիարժեք գիտակցել, որ Արցախն ու Հայաստանը չունեն այլ ճանապարհ, քան միավորել իրենց ողջ հնարավորությունները: Ինչ վերաբերում է դիրքորոշումներին, ապա ես կարող եմ այս պահին խոսել իմ ու իմ թիմի տեսանկյունից: Մինչև բանակցությունների սեղանին չլինի փաստաթուղթ դժվար է ասել, թե ինչպիսի դիրքորոշումներ կան Հայաստանում և Արցախում ու արդյո՞ք դրանք տարբերվում են միմյանցից:
Panorama.am.- ՀՀ բարձր մակարդակի հայտարարությունները իրարամերժ են՝ նայած թե դրանք որ ամբիոնից են ու որ լսարանի համար են։ Ասենք՝ Արցախի կարգավիճակի մասին հարցին վարչապետը հնչեցրեց պատասխան, թե՝ Մինսկի խումբը ի վերջո կգնահատի այդ կարգավիճակը։ Սակայն, իմ գնահատմամբ օրինակ, Արցախի կարգավիճակը իր հանրաքվեով արդեն իսկ ասվել և ամրագրվել է իր Սահմանադրությամբ՝ Արցախի Հանրապետություն։ Դուք ինչպես եք տեսնում ստատուս քվոյի մասին շահարկումները, ինչ է ի վերջո ստատուս քվոն, եթե Արցախը փաստացի Հանրապետություն է։
Գրիգորի Սահակյան.- Մի բան ակնհայտ է՝ վերադարձ անցյալին որևէ պարագայում չի լինելու, Արցախը վաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր, դա վերաբերվում է նաև տարածքային հարցերին: Արցախցին իր ճանապարհը ընտրել է դեռ 30 տարի առաջ՝ գնացինք անկախության ճանապարհով, որի վերջնանպատակը Հայաստանի հետ վերամիավորումն է: Նկատել եմ, որ վերջին շրջանում որոշակի շահարկումներ կան՝ Արցախը Հանրապետության, թե մարզի կարգավիճակում: Սա կարծում եմ կեղծ քննարկում է: Իրականում բոլորս էլ ցանկանում ենք Հայաստանի հետ շուտափույթ վերամիավորում, սակայն միայն ցանկություններով չենք կարող առաջնորդվել, անհրաժեշտ է հաշվի առնել մեծ թվով իրողություններ ու դեպի մեր նպատակը գնալ հավասարակշռված քաղաքականության միջոցով: Բարի ցանկություններով պետություն չեն կառուցում:
Panorama.am.-Սահմանի հետ կապված՝ ըստ որոշ դիտարկումների /դե՝ մենք չենք կարող ինքնուրույն դիտարկումներ անել/, Ադրբեջանը ամրանում է սահմանային մասերում ու ոչ միայն Արցախի սահմանի դիմաց, այլև՝ Տավուշի։ Ի՞նչ սպասել թուրքից ու ադրբեջանցուց՝ մի կողմից միամիտ կլինի, մյուս կողմից՝ տարիների հակամարտությունը մեզ, հույս ունեմ, սովորեցրել է ճանաչել թշնամուն։ Ինչ է անում հակառակորդը /ի դեպ՝ թշնամի, թե հակառակորդ/, ու ինչ սպասել նրանից։
Գրիգորի Սահակյան.- Ադրբեջանի պահվածքից եզրակացությունը մեկն է՝ թշնամին պատրաստվում է պատերազմի: Դա վաղը կլինի, 3, թե 5 տարի հետո, դեռ դժվար է ասել: Մեզնից կախված է ուժեղանալով, ամրապնդվելով, համախմբվելով, մեր ուժերի նկատմամբ վստահություն ստեղծելով կանխել, իսկ կանխել չկարողանալու դեպքում ջախջախել թշնամուն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին