Գիտությամբ զբաղվելը միգուցե շահավետ չէ, բայց շատ հետաքրքիր է. Դարիգա Նազարբաևա
Ղազախստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ի դեմս Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի, այսօր հյուրընկալվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոնում:
ԵՊՀ լրատվության բաժնից հայտնում են, որ կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, ինչպես նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
Այցելության ընթացքում Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց հայ-ղազախական մշակութային կապերի և լեզվամշակութային առնչությունների պատմությունը՝ շեշտելով հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրությունների կարևորությունը՝ թյուրքականլեզուների, մասնավորապես ղազախերենի պատմության ուսումնասիրության տեսանկյունից:
«Այս ամսվա վերջին լույս կտեսնի նաև ղազախական գրականության հիմնարար
անթոլոգիան,որը ԵՊՀ-ի, ԳԱԱ գրականության ինստիտուտի և Հայաստանում Ղազախստանի դեսպանության համատեղ արդյունավետ աշխատանքի վառ ապացույցն է»,- նշել է Ալեքսանդր Սաֆարյանը։
Վերջինս նաև փաստել է, որ տասնամյակներ առաջ հայ-ղազախական գրականության
թարգմանության ակունքներում կանգնած են եղել հայ դասականները՝ Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը և Պարույր Սևակը:
Այնուհետև ուսանողներին ողջունել է Դարիգա Նազարբաևան, որը նրանց հաջողություն մաղթեց ուսումնական գործընթացում և կոչ արեց գիտական ակտիվ գործունեություն ծավալել. «Գիտությամբ զբաղվելը միգուցե այդքան շահավետ չէ, բայց շատ հետաքրքիր է, վստահ եմ, որ ձեզ համար շատ բաներ կբացահայտեք»:
Դարիգա Նազարբաևան խորհուրդ է տվել սովորել ղազախերեն և որքան հնարավոր է
հաճախ այցելել Ղազախստան. «Պետք է նշեմ, որ մեր երկրի համալսարաններն ակտիվ
համագործակցում են միջազգային մեր գործընկերների հետ, և մեզ համար միշտ
հաճելի է տեսնել օտարերկրացի ուսանողների մեր համալսարաններում»: