«Մեծագույն չարը». Հիտլերի աճուրդի հանված գլխարկը՝ վրդովմունքի պատճառ
Ադոլֆ Հիտլերի աճուրդի հանված գլխարկը և Եվա Բրաունի հագուստը առաջացրել են Եվրոպայի հրեական ասոցիացիայի վրդովմունքը։ Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում տալով «Dail Mail»-ին։
Մյունխենում գործող Hermann Historica-ի կողմից կազմակերպված աճուրդները տեղի կունենան նոյեմբերի 20-ին։ Աճուրդի ընթացքում կցուցադրվեն Երրորդ Ռեյխի 147 իրեր։
Հիտլերի և Բրաունի հետ կապված բաներից բացի, աճուրդի տունը կփորձի վաճառել Հերման Գորինգի և Ժոզեֆ Գեբբելսի գույքը։ Իրերի մեծ մասը ամերիկացի զինվորները գտել են 1945 թվականի մայիսին Զալցբուրգից։
Եվրոպայի հրեական ասոցիացիայի ղեկավար, Մենաչեմ Մարգոլինը ճիշտ չի համարում վերոնշյալ իրերի վաճառքը, և նամակով դիմել է Hermann Historica-ին՝ խնդրելով հեռացնել Երրորդ Ռեյխի ղեկավարների իրերը։
«Մենք վստահ ենք, որ նման իրերի վաճառքը պատմական արժեք չունեն, փոխարենը այդ իրերը կգնեն նրանք, ովքեր փառաբանում են Երրորդ Ռեյխի ղեկավարներին և կփորձեն արդարացնել Եվրոպայի վրա ազդող ամենամեծ չարիքի գործողությունները: Հետևաբար, նման իրերի առևտուր պարզապես չպետք է իրականացվի », - նշել է Մարգոլինը։